ԱՊՀ պետություները 2016-ին հակաահաբեկչական պայքարին նվիրված համատեղ զորավարժություն են անցկացնելու Բելառուսում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական պայքարի կետրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը,հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ներկայումս կազմակերպիչներն աշխատում են զորավարժության սցենարի վրա։ Նովիկովը նշել է, որ գրեթե ամեն տարի անցկացվում են նման զորավարժություններ, և դրանց մասնկացում են զինծառայողներ և օրինապահ մարմինների ներկայացուցիչներ:
«Մենք մեր բոլոր վարժանքների ժամանակ մասնակիցներին սովորեցնում ենք իրականացնել հակադիվերսիոն և հակաահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև սոցցանցերում»,-նշել է կենտրոնի ղեկավարն ու հավելել, որ իրենք չեն բացառում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների ընդլայնումը նաև ԱՊՀ պետությունների տարածքում:
Հիշեցնենք, որ այս տարի՝ սեպտեմբերի 7-ից 25-ը, Ռուսաստանում և Ղազախստանում ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերը կանցկացնեն համատեղ զորավարժություն՝ միտված անդամ պետությունների ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերի համատեղ գործելու հմտությունների բարելավմանը, ինչը ևս միտված է տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարի խորացմանը և զարգացմանը։