Թուրքիայի, Աֆղանստանի և Նեպալի ԶՈւ ստորաբաժանումներն առաջին անգամ մասնակցել են Ղազախստանում անցկացվող «Տափաստանային արծիվ-2015» միջազգային խաղաղարարական զորավարժությանը։ Հունիսի 5-ին Ղազախստանի «Իլիյսկի» զորավարժարանում անցկացվել է վարժանքների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Վարժանքների ընթացքում իրականացվել են ՆԱՏՕ-ի և մասնավորապես ԱՄՆ-ի օժանդակությամբ ստեղծված և 2003-ից ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող «ԿազԲրիգ»-ի և վերջինիս կազմի մեջ մտնող «ԿազԲատ»-ի գործնական աշխատանքների իրականացումը, հմտությունների բարձրացմանը և մասնակցող մյուս երկրների՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի մասնակից երկրների հետ համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ, զորավարժության տարբեր փուլերում ներգրավված են եղել Ղազախստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Աֆղանստանի, Նեպալի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքիայի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ։ Մասնակցող երկրների ստորաբաժանումները նաև փորձարկել են խաղարար գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության հետ համագործակցության, զորահավաքի, զինաթափման, հակամարտող կողմերի հաշտեցման մեխանիզմները։
Հիշեցնենք, որ «Տափաստանային արծիվ-2015» զորավարժության երկրորդ փուլն անցկացվում էր «Իլիյսկի» ուսումնամարզական բազայում։ Հրամանատարաշտաբային վարժանքներն անցկացվել են զորավարժարանում՝ իրականին մոտեցված գործողությունների անցկացմամբ, ինչպես նաև համակարգչային սիմուլյատորներով, որոնց միջոցով մշակվել է ռազմական գործողությունների մարտավարությունը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info