Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց:
Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր:
Ներկայում արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: Վարժաթռիչքների ծրագիրը կատարվում է ամբողջությամբ։