Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, ովքեր այս տարվա մայիսի 25-ին լքեցին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, հայտարարություն են տարածել՝ պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու առաջարկով։
Պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն Facebook սոցիալական ցանցի իր էջում հունիսի 25-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես ասում է. «Պարտադիր զինվորական ծառայությունը պիտի վերացվի, քանի որ ժամանակակից աշխարհում, որտեղ որոշիչ նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիական զինատեսակները, միայն պրոֆեսիոնալ բանակը կարող է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը»,—նշել է Ջապարիձեն։
Նրա պնդմամբ, պետությունը ամեն տարի երիտասարդներին ստիպում է իր կյանքից մեկ տարի ծախսել։ «Ուղղակի կամ անուղղակի ծախսերը, որոնք ծախսվում են այս համակարգի վրա անմիտ են։ Երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով ավելի լավ է այդ միջոցներն ուղղել պրոֆեսիոնալ բանակին անցմանը»,—վստահեցրել է պատգամավորը։
Հարկ է նշել, որ 2013 թվականին Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփխությունները, որոնք ենթադրում էին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամսից 12 ամիս կրճատելը։
Հիշեցնենք նաև, որ մեկ ամիս առաջ կուսակցությունը լքած պատգամավորները հասարակական կազմակերպություն են հիմնել «Նոր քաղաքական կենտրոն» անունով։ Կուսակցությունից դուրս են եկել Զուրաբ Ջապարիձեն, Գոգա Խաչիձեն, Պավել Կուբլաշվիլին, Գեորգի Մելաձեն։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info