Տաջիկստանը պահանջում է, որ Ռուսաստանը հաշվի նստի իր շահերի հետ

Տաջիկստանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սայֆուլլո Սաֆարովը հինգշաբթի հայտարարել է, որ ռուսական 201-րդ ռազմաբազայի հետ կապված խնդրում Տաջիկստանի համար առաջնայինը վարձավճարը չէ, այլ այն, որպեսզի Ռուսաստանը հաշվի առնի և հարգի Տաջիկստանի ազգային շահերը:

Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկություններով Տաջիկստանը ցանկանում է իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար տարեկան ոչ պակաս, քան 250 միլիոն դոլար ստանալ։ Բացի այդ` ըստ «Կոմերսանտի» վարկածի` «Տաջիկստանը առաջ է քաշել ավելի քան 20 անընդունելի և անհասկանալի պահանջ», որոնք վերաբեվրում են բազայի տեղակայման ժամկետներին, մարտական տեխնիկայի և զինամթերքի անհատույց ձեռք բերմանը և այլն։ Սակայն Աայֆուլլո Սաֆարովի կարծիքով «Կոմերսանտի» նշած գումարը մտացածին է, քանի որ առաջին անգամը չէ, որ հայտարարվում են գումարներ, որոնք իբրև թե պահանջում է Տաջիկստանը ռուսական ռազմաբազաների համար։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ցանկանում է 49 տարով երկարացնել իր ռազմաբազաների տեղակայման ժամկետը, մենք պնդում ենք, որ պաշտոնական Կրեմլը հաշվի առնի մեր ազգային շահերը: Չլուծվող խնդիրներ չկան»,- հավելել է նա։

Մանրամասնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը, տաջիկ փորձագետը կարծիք է հայտնել, որ Տաջիկստանն այդ կերպ փորձում է պաշտպանել իր ազգային շահերը ամենից առաջ միգրացիոն գործընթացների և արտահանման մաքսավճարների հետ կապված հարցերում:

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի վարձակալման ժամկետը երկարացնելու մասին բանակցություններ էին ընթանում դեռևս նախորդ տարի, և ենթադրվում էր, որ նոր պայմանագիրը կստորագրվի 2012 թվականի սկզբին։ Սակայն, ըստ ամենայնի, երկու կողմերը դեռևս որոշ տարաձայնություններ ունեն։ Այդ վարկածի օգտին է խոսում նախ և առաջ այն, որ պայմանագիրը մինչև այժմ չի ստորագրվել։ Բացի այդ, Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից որոշ ժամանակ հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել էր, որ երկու պետությունների միջև չկան անլուծելի խնդիրներ, այսինքն` անուղղակի հաստատել էր, որ բոլոր հարցերը չեն դեռ հստակեցված, թեև կարող են հստակեցվել։

Նշենք, որ 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսական խոշորագույն ռազամբազա է, որտեղ ծառայում է ավելի քան 7000 զինվորական։ Այն կազմավորվել է 2004 թվականի հոկտեմբերին 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։

Հիշեցնենք նաև, որ ռուսական ռազմաբազաների վարձավճարների փոփոխության հարցը մի քանի օր առաջ բարձրացրել էր նաև Ղրղըզստանը, իսկ ավելի վաղ միջինասիական մեկ այլ երկիր` Ուզբեկստանը, հայտարարել էր ՀԱՊԿ կազմից դուրս գալու մասին։

One response to “Տաջիկստանը պահանջում է, որ Ռուսաստանը հաշվի նստի իր շահերի հետ

  1. Pingback: Տաջիկստանը համաձա՞յն է ՌԴ ռազմաբազայի անվճար տեղակայմանը իր տարածքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *