Թուրքական ընկերությունները արդիականացնելու են ամերիկյան «Կոբրա» հարվածային ուղղաթիռներ

Թուրքական «Ասելսան» և «ԹԱԻ» ռազմարտյունաբերական ընկերությունները ստորագրել են մոտ 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ համաձայնագիր՝ արտասահմանյան պետությունների համար «Կոբրա» հարվածային ուղղաթիռների համատեղ արդիականացման վերաբերյալ։ Այս մասին հունիսի 24-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ամերիկյան AH-1 Cobra հարվածային ուղղաթիռ

Ամերիկյան AH-1 Cobra հարվածային ուղղաթիռ

Նշվում է, որ ուղղաթիռներն արդիականացվելու են և հանձնվելու պետություններին մինչև 2020 թվականը, սակայն չի նշվում, թե որ պետություններն են պատրաստվում թուրքական ընկերություններին արդիականացման պատվերներ տալ:

Նշենք, որ ներկայումս «Կոբրա» հարվածային ուղղաթիռ կա ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ճապոնիայի, Բահրեյնի, Հորդանանի, Պակիստանի, Իսրայելի, Իրանի, Թայլանդի, Իսպանիայի և Հվ. Կորեայի ԶՈւ սպառազինություններում։

Ըստ երևույթին Թուրքիան կարող է արդիականացնել Հորդանանի, Բահրեյնի և Պակիստանի զինված ուժերի «Կոբրա» ուղղաթիռները, որոնք ամենահին տարբերակներն են՝ ամենանորը 1985 թ.-ի արտադրության։ Չնայած, որ պայամանագրում նշվում է միայն արտասահմանյան պետությունների սպառազինությունում գտնվող ուղղաթիռների արդիականացման մասին, սակայն տեսականորեն Թուրքիայի ունեցած ուղղաթիռները ևս կարող են արդիականացվել։

AH-1 Cobra հարվածային ուղղաթիռը շահագործման մեջ է 1967 թվականից: Հարվածային ուղղաթիռի որոշ, սպառազինությունը հանած տարբերակներ օգտագործվում են նաև անտառային հսկողության և այլ նպատակներով:

Առավելագույն արագությունը – 315 կմ/ժ
Թռիչքի հեռավորությունը – 510 կմ
Առավելագույն առաստաղը – 3720 մ
Առաջին թռիչքը – 1965 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *