Վրաստանի պետական ռազմական գիտահետազոտական «Դելտա» կենտրոնի «Դիդգորի» 10 զրահապատ մեքենաները, ինչպես նաև նույն մեքենայի հիմքի վրա ստեղծված սանիտարական 2 տիպի մեքենա, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանվել են արտահանման։ Այս մասին հունիսի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զվիադ Ցիկոլիա անունով մի օգտատեր, որը, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, զրահամեքենայի ստեղծողներից մեկն է։
«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս նախագծի աշխատանքներին և իրենց ներդրումն ունեցել հաջողության համար»,—գրել է Ցիկոլիան։
Վրաստանյան Грузия онлайн լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ չնայած «արտահանվող երկիրը չի նշվում, բայց ինչպես հայտնում են սոցիալական ցանցերի աղբյուրները, զրահամեքենաները տրամադրվել են Կոնգոյին»։ Նույն լրատվամիջոցը հղում անելով «Ակցենտ» լրատվական գործակալությանը տեղեկացնում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիդ Էբրալիձեն չի հաստատել վաճառքի վերաբերյալ տեղեկությունը։
Հավելենք, որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի հայտարարած մրցույթում բարեհաջող անցնելով փորձարկումները, Վրաստանի սանիտարական մեքենան դուրս էր եկել եզրափակիչ փուլ։
«Արաբական անապատում վրացականի հետ մեկտեղ ներկայացվել էին ամերիկյան 3 և Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մեկական սանիտարական զրահապատ մեքենա։ Փորձնական քննությունը բարդ է եղել՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում առավելագույն արագությամբ պետք է եղել անցնել անապատը, ինչը վրացական զրահապատ մեքենան արել է 120 կմ/ժ արագությամբ։ Մրցույթում փորձարկումներն իրականացրել են տեղի մասնագետները, իսկ վարորդները եղել են արաբ զինվորականներ։ Մրցույթում հաղթողը Սաուդիան Արաբիայի զինված ուժերին տրամադրել 600 միավոր զրահապատ մեքենա առաջին տարվա ընթացքում։
«Դիդգորի» մեքենան, որի հիմքի վրա ստեղծվել են երկու մեքենաները, ապահովում է անձնակազմի պաշտպանությունը հրաձգային զենքերից ու արկերի բեկորներից։ 4×4 ընթացամասով «Դիդգորի-1» ու «Դիդգորի-2» մեքենաները ստեղծվել են F սերիայի Ford մեքենաների հիմքի վրա։
Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ «Դիդգորի» մեքենաները Վրաստանում սերիական արտադրության են դրված։