ՆԱՏՕ անդամ 28 պետություններից 18-ը 2014 թվականի համեմատ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Դրա արդյունքում, սակայն, ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ընդհանուր ռազմական ծախսերը նվազել են նախորդ տարվա համեմատ: Այս մասին տեղեկանում ենք հունիսի 22-ին ՆԱՏՕ պաշտոնական կայքում հրապարակված զեկույցից: Զեկույցի մեջ 28 պետություններից ներառված չէ Իսլանդիան, քան որ այն չունի զինված ուժեր:
Ռազմական ծախսերն ավելացնող երկրների թվում են մասնավորապես Արևելյան Եվրոպայի մի քանի երկրները. ամենամեծ աճը գրանցել է Լիտվան՝ ռազմական ծախսերի մոտ 30 տոկոս ավելացում: Սակայն եթե ռազմական ծախսերը մեծացնողների թվում համեմատաբար փոքր ծախսեր ունեցող երկրներն են, ապա «ծախսատար» այնպիսի պետություններ, ինչպիսիք ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրներն են, նվազեցրել են իրենց ծախսերը: Սրա արդյունքում էլ ՆԱՏՕ-ի 2015թ. հաշվարկված ռազմական ծախսերը մոտ 892 մլրդ դոլար են, ինչը 50 մլրդ դոլարով ավելի փոքր է նախորդ տարվա ցուցանիշից: (2014թ. ՆԱՏՕ երկրների ռազմական ծախսերը եղել են 942 մլրդ դոլար, 2013թ.՝ 968 մլրդ դոլար):
Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից միայն չորսն է, որի ռազմական ծախսերը հասնում են երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին, թեև հենց այդքան տոկոս է նախատեսում ՆԱՏՕ-ն:
Ավելացնենք, որ 2015թ. ծախսերի տվյալները դեռ գնահատված թվեր են, ինչը նշանակում է, որ դրանք կարող են աճել (ավելի քիչ հավանական է, որ կնվազեն): Իսկ ռազմական ծախսերի աճի համար պատրվակ կարող է լինել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների մոտ ակտիվացող մարտահրավերը՝ Ռուսաստանը, ինչպես բնորոշել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Վերջին ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հայտարարությունների մակարդակով հակամարտությունը հասել է միջուկային զենքի մասին հիշատակումներին:
Pingback: Բրիտանիան կավելացնի ԱԹՍ-ների և հատուկ ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները | Ռազմ.info