Հունիսի 22-ին Թեհրանում կայացել է Իրանի և Սիրիայի ներքին գործերի նախարարներ Աբդոլրեզա Ռահամնի Ֆազլիի և Մոհամմադ Իբրահիմ ալ-Շաարի համդիպումը, որից հետո կողմերը կնքնել են փոխըմբռնման հուշագիր՝ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, նախարարները նշել են, որ քննարկվել է հարցերի բավականին լայն շրջանակ, այդ թվում՝ Թեհրան-Դամասկոս հարաբերություններն ու վերջին շրջանում Մերձավոր Արևելքում զարգացող գործընթացները:
Մոհամմադ Իբրահիմ ալ-Շաարը հանդիպել է նաև Իրանի իրավապահ ուժերի իրամանատար, գեներալ Հոսսեին Աշթարին, ով հայտարարել է, որ իրենք պատրաստ են Սիրիայի՝ իրենց գործընկերների հետ կիսվել տարիների ընթացքում ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի արդյունքում կուտակած փորձով ու մարզումներ և դասընթացներ կազմակերպել սիրիացի իրավապահների համար: Հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Սիրիայի ներքին գործերի նախարարը Թեհրան է ժամանել հունիսի 21-ին Իրանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և միջազգային կապերի բաժնի ղեկավար Բաբաք Դինպարաստի հրավերով:
Հիշեցնենք, որ 2011-ի գարնանից Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որին զուգընթաց լուրջ խնդիր է դարձել նաև ահաբեկչությունն ու հակաահաբեկչական պայքարի կազմակերպումը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմն առնելը:
Իրանը քաղաքացիական պատերազմի ամենասկզբից որդեգրել է ասադամետ քաղաքականություն, իսկ այս տարվա հունիսի 2-ին Իրանի նախագահ Հասսան Ռուհանին հայտարարել էր, որ իրենք դատապարտում են դրսից ֆինանսավորվող ահաբեկչական կազմակերպությունների գործունեություն հարևան Սիրիայում և մինչև վերջ կանգնելու են Դամասկոսի օրիանական իշխանությունների կողքին: