«Թալիբանը» փորձել է գրավել Աֆղանստանի խորհրդարանի շենքը. կա 19 վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, երբ Աֆղանսատնի պատգամավորները նիստ էին գումարել՝ որոշելու երկրի նոր պաշտպանության նախարարին, «Թալիբան» ահաբեկչական շարժման մի մահապարտ ու 6 զինյալ հարձակվել են երկրի խորհրդարանի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է առնվազն 19 մարդ:
Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Աֆղանստանի պատգամավորները՝ «Թալիբան» շարժման զինյալների՝ հունիսի 22-ին խորհրդարանի վրա հարձակման ժամանակ

Աֆղանստանի պատգամավորները՝ «Թալիբան» շարժման զինյալների՝ հունիսի 22-ին խորհրդարանի վրա հարձակման ժամանակ

Ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի դարպասների դիմաց կայանած մեքենան, որը բեռնավորված է եղել պայթուցիկներով: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ոստիկանության խոսնակ Էբադուլլահ Քամիրին՝ միաժամանակ հարց բարձրացնելով, թե զինյալներն ինչպես են կարողացել անցնել խորհրդարանի շենքի մոտ տեղակայված մի քանի անցակետերը:

Դիրքավորված ահաբեկիչները, վերահսկողության տակ վերցնելով դարպասները, փորձել են գրոհել խորհրադարնի շենքը: Զինյալների դեմ պայքարը տևել է 2 ժամ: Բոլորը վնասազերծվել ու սպանվել են: 19 վիրավորներից 4-ը կին է: Տուժածների մեջ պատգամավորներ չկան:

Նշենք, որ 2014-ի դեկտեմբերի 28-ին Աֆղանստանում իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ 2001-ից երկրի անվտանգությունն ապահովող առաքելությունն իր գործառությները հանձնում են տեղական ուժերին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:

Հիշեցնենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս գործընկերներն Աֆղանստանում պայքարում են «Ալ Քաիդայի» և «Թալիբան» շարժման դեմ, որոնք 1996-ից 2001 թթ. լուրջ դեր են խաղացել այս երկրի քաղաքական կյանքում: Այս երկու խմբավորումներն իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Պայքարի հետևանքով երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ, ինչի պատճառով, ըստ Associated Press ամերիկյան գործակալության տվյալների, այս տարիների ընթացքում միայն ԱՄՆ զոհերի թիվը հասել է 2,224-ի:

Պայքարի հետևանքով երկրում պարբերաբար արձանագրվում են ահաբեկչություններ, որոնք էլ ավելի հաճախակի են դարձել այս տարվա սկզբից՝ միջազգային զորքերը դուրս բերելուց հետո. 2015-ի առաջին 6 ամիսների ընթացքում «Թալիբանի» զինյալները կազմակերպել են մի քանի խոշոր հարձակումներ Աֆղանստանի կենտրոանակն նահանգներում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2015-ին՝ մինչև ապրիլի 30-ը (4 ամիս),  զոհվել է համարյա 1000, իսկ ողջ 2014-ի ընթացքում՝ 3699 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *