Հունիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է իր՝ 2014թ տարեկան զեկույցն ահաբեկչության մասին, որտեղ նշվում է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Վրաստանը դեռևս միջազգային ահաբեկչական կենտրոն է, ինչպես նաև տարանցիկ երկիր ծայրահեղականների համար։
ԱՄՆ Պետդեպը, հղում անելով լրատվամիջոցներին, նշում է, որ 2014թ. դեկտեմբերից Սիրիայում և Իրաքում «ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» շարքերում կռվում է 50-100 վրաստանցի, հիմնականում մահմեդականներով բնակեցված Աջարիայից և Պանկիսի կիրճից։
Զեկույցում ներկայացվում է նաև, որ հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական դիրքը և օգտագործելով երկրի տարածքը՝ իսլամիստ ծայրահեղականները շարունակում են Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի շրջանից անցնել Սիրիա և Իրաք։
Մյուս հարցը, որի շուրջ Պետդեպն անդրադարձել է Վրաստանին, սահմանների անվտանգությունն է։ Այս մասին մասնավորապես նշվում է. «Վրաստանը շարունակում է իր սահմանների անվտանգության ապահովման գործընթացը՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար։ Սակայն, չվերահսկելով Ռուսաստանի կողմից օկուպացրած Աբխազիան և Հարավային Օսիան, այս երկիրը չի կարողանում ամբողջությամբ իրականացնել իր հյուսիսային սահմանների հսկողությունը»։
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության ընթացքում արդեն մահացել է 12 վրաստանցի, որոնցից 11-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։
Սիրիայում կռվող ամենահայտնի վրաստանցին (նույնպես Պանկիսիի կիրճից) Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է)։ Բատիրաշվիլին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։ Դեռ 2014-ին ԱՄՆ-ն Բատիրաշվիլուն ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում, իսկ նրա մասին տեղեկության դիմաց պատրաստ է վճարել 5 մլն ԱՄՆ դոլար։
Pingback: Որոշ երկրներ օգտագործում են ահաբեկչական խմբերն իրենց քաղաքական շահի համար. ՌԴ ԱԳ փոխնախարար | Ռազմ.info