Այսօր՝ հունիսի 18-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդությամբ դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան, որպեսզի դատարանը Վրաստանի ՊՆ-ի՝ պետական միջոցների վատնման համար մեղադրվող և նախնական կալանքի տակ գտնվող մի քանի աշխատակիցների ազատ արձակի գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազության կայքը։
Խոսքը վերաբերում է ՊՆ այն աշխատակիցներին, որոնց պաշտպանելու և նրանց անմեղության մասին հայտարարություններ անելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեց Իրակլի Ալասանիային։ Ալասանիան իր հերթին մինչ օրս հավաստիացնում է, որ այս սկանդալի հետևում նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։
Դատախազությունն իր միջնորդությունը բացատրում է նրանով, որ 2015թ. հուլիսի 28-ին լրանում է մեղադրվողների նախնական կալանքի 9-րդ ամիսը, իսկ նախնական լսումները դեռևս չեն ավարտվել (առաջին նախնական լսումն արվել է 2015թ. ապրիլի 1-ին), ինչն աննախադեպ է դատարանների պրակտիկայում։
Վրաստանի գլխավոր դատախազության կայքը հայտնում է նաև, որ վերջինիս միջնորդությունը դատարանը կուսումնասիրի վաղը՝ հունիսի 19-ին։
Մեկնաբանելով դատախազության որոշումը՝ Ալասանիան լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա Բիձինա Իվանիշվիլիի պարտությունն էր։ «Վաղը դատարանը 5 անմեղ մարդու կալանքից ազատելու որոշում կկայացնի։ Վաղվա որոշումն անարդարության դեմ հաղթանակի առաջին քայլը կլինի։ Եթե հանրության միասնականությունն ու աջակցությունը չլիներ, ապա այսպիսի արդյունք չէր լինի։ Այսօր Բիձինա Իվանիշվիլին պարտված է»,— հայտարարել է Ալասանիան։
Թեմայի վերաբերյալ խոսել է նաև պաշտպանության ներկա նախարար Թինաթին Խիդաշելին՝ նշելով, որ ողջունում է դատախազության միջնորդություն անելու որոշումը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 28-ին Վրաստանի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի հինգ աշխատակից ձերբակալվել էին մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել էր խափանման միջոց ընտրել կալանքը։ Ձերբակալությունները կապված էին ՊՆ գաղտնի գնումների հետ:
Դատախազության տվյալներով ձերբակալվել էին ՊՆ պետական գնումների հանձնաժողովի նախկին նախագահ Գիզո Գլոնտին, նույն հանձնաժողովի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչպես նաև ՊՆ պետական գնումների վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն։ ԳՇ համակարգից ձերբակալվել էին ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի հանձնաժողովի նախագահ Նուգզար Կաիշաուրին, ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի ծառայության պետ Դավիդ Ցիպուրիան։
Ըստ դատախազության՝ այս պաշտոնատար անձինք ամեն ինչ արել են, որ գաղտնի գնումներում մյուս ընկերությունները սխալ տեղեկություն ստանան և հաղթող ճանաչվի վրաստանյան Silknet ընկերությունը, ինչի արդյունքում ՊՆ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին Silknet-ի հետ օպտիկամանրաթելային մալուխների գնման, ցանցային սարքավորումների տեղադրման և երաշխիքային սպասարկման պայմանագիր է կնքել։
Պայմանագրի համաձայն՝ պաշտպանության նախարարությունն այդ ընկերությանը պիտի վճարեր 3,84 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2015թ. հունվարի 16-ին պաշտպանական գերատեսչությունը պիտի ստանար ընկերությունից պատվիրված ապրանքները, որոնց իրական գինն, ըստ դատախազության փորձագետների, կազմում է 1,49 մլն ամերիկյան դոլար։