Աֆղանստան մեկնելու համար Գերմանիայից վերադարձել է Վրաստանի ԶՈւ հերթական խումբը

Հունիսի 16-ին Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը վերադարձել է Գերմանիայից, որտեղ 5 ամսվա ընթացքում մասնակցել է արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ) վարժանքների։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում

Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում

«Ալֆա» վաշտը այս ամիսների ընթացքում մարզվել է Աֆղանստանում ընթացող «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավվելու համար։ Ստորաբաժանմանը Վրաստանի Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում դիմավորել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն։

Այս ամիսների ընթացքում Գերմանիայի զինված ուժերի հովանավորությամբ վրաստանցի զինծառայողները վերապատրաստում են անցել 3 ռազմաբազաներում՝ Վիլդֆլեքենում, Լեթզինգենում և Համելբուրգում։ Վրաստանցի զինծառայողները նաև համատեղ մարզումներ են իրականացրել Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների հետ։

Հավելենք, որ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը Գերմանիա էր մեկնել 2015թ. հունվարի 23-ին։ 2015թ. հուլիսին գերմանական զորախմբի կազմում վրաստանցի զինծառայողները կներգրավվեն Աֆղանստանում ընթացող «Վճռական աջակցություն» առաքելությանը և կծառայեն Մազարի-Շարիֆ բազայում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Վրաստանից այս առաքելությանը մասնակցում է շուրջ 750 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *