Ղրղըզստանը մտադիր է 2014 թվականից բարձրացնել իր տարածքում տեղակայված ռուսական երեք ռազմաբազաների վարձավճարները։ Այդ մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ղրղըզստանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Թալայբեկ Օմուրալիևը։ «2014 թվականին ավարտվում է ռազմաբազաների վարձակալման ժամկետը, և մենք մտադիր ենք խնդրել ռուսական կողմին ավելացնել վարձավճարը՝ հաշվի առնելով ինֆլյացիայի մակարդակը, ” ասել է Օմուրալիևը՝ նշելով, որ ասվածը չի վերաբերում «Կանտ» ավիաբազային, որն օգտագործվում է ՀԱՊԿ կողմից։
«Դա անհեռատես քայլ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման քաղաքականություն վարելով, ՀԱՊԿ անդամ հանդիսացող պետությունը ավելացնում է Ռուսաստանի ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Մենք գիտենք, ու իրավիճակը Ղրղըզստանում բավական բարդ է, այստեղ շարունակ իշխանափոխություններ են տեղի ունենում։ Իսկ նման պայմաններում, ճիշտ հակառակը, պետք է էլ ավելի ամրապնդել ռուս-ղրղըզական ռազմական հարաբերությունները,-նման հայտարարությամբ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հանդես է եկել ՌԴ ՊՆ կից Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենկոն։
Նա նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ նոր կանոնադրային փաստաթղթերի համաձայն՝ այդ կառույցի ներուժը անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել ՀԱՊԿ անդամ հանդիսացող այս կամ այն երկրում տիրող իրավիճակի կայունացման նկատառումներով, համար։
Իր հերթին՝ «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» փորձագետ Վասիլի Կաշինը հայտնել է, որ ֆինանսական խնդիրը վերաբերում է Ղրղըզստանի տարածքում գտնվող համամատաբար փոքր օբյեկտներին, որոնց վարձավճարը ռուսական կողմն իրականացրել է ռուբլիով։
«Ղրղըզստանի նման դիրքորոշումը պայմանավորված է ինֆլյացիայի մակարդակով, և եթե վարձավճարի բարձրացումը տեղի ունենա ինֆլյացիային համապատասխան, որևէ սարսափելի բան տեղի չի ունենա: Այլ հարց է, որ վարձավճարի բարձրացումը տեղի է ունենում ներկա պահին ռուս-ղրղըզական ոչ այդքան հարթ հարաբերությունների ֆոնին», -ընդգծել է Կաշինը։
Ինչպես հայտնում են Ղրղըզստանի մամուլի ծառայությունից, մարտին ՌԴ ՊՆ-ն մարել է Ղրղըսզտանի տարածքում գտնվող իր ռազմաբազաների համար վճարվող շուրջ 15,5 միլիոն դոլարի հասնող պարտքը։
Ներկա պահին Ղրղըզստանի տարածքում տեղակայված են ռուսական չորս ռազմաբազաներ՝ Կարակոլում ստորջրյա փորձարկումների բազան, Կարա-Բալթեի ռազմական կապի կենտրոնը, Մայլի Սուույում ռադիոսեյսմիկ լաբորատորիան և Կանտի ավիաբազան։ Վերջինը գործում է ՀԱՊԿ շահերից ելնելով։
Կանտի 999-րդ ավիաբազան ստեղծվել է 2003 թվականին Ռուսաստանի և Ղրղըզստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ։ Այն մտնում է Ռուսաստանի 4-րդ ՌՕՈՒ և ՀՕՊ բանակի կազմի մեջ, զինված է Սու-25 և Սու-27 մարտական ինքնաթիռներով։ Ռազմաբազայում ծառայում է մոտ 400 զինվորական։ 2009 թվականին ավիաբազայի օգտագործման մասին պայմանագիրը երկարացվել էր 49 տարով։
Pingback: Տաջիկստանը պահանջում է, որ Ռուսաստանը հաշվի նստի իր շահերի հետ | Ռազմ.info
Pingback: Տաջիկստանը համաձա՞յն է ՌԴ ռազմաբազայի անվճար տեղակայմանը իր տարածքում | Ռազմ.info