Ռուսաստանյան ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների արտադրությամբ զբաղվող «Բուրեվեստնիկ» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է իր արտասահմանյան պատվիրատուներին առաջարկել վերջիններիս սպառազինությունում գտնվող ԲՏՌ-80-նների արդիականացում մինչև ԲՏՌ-80Ա։ Այս մասին հունիսի 17-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ուրավագոնզավոդ» կորպորացիայի կազմի մեջ մտող «Բուրեվեստնիկ» ընկերությունը պատրաստվում է ԲՏՌ-80-նների արտասահմանյան պատվիրատուների՝ այդ թվում Բանգլադեշի, ինչ-որ չափով էլ Ալժիրի, Թուրքմենստանի և Ադրբեջանի սպառազինությունում գտնվող զրահափոխադրիչներն արդիականացնել մինչև ԲՏՌ-80Ա։
ԲՏՌ-80Ա-ն բազային ԲՏՌ-80-ից տարբերվում է 14,5 մմ տրամաչափով գնդացիրի փոխարեն տեղադրված 30 մմ տրամաչափով ԽՍՀՄ արտադրության 2Ա72 հրանոթների առկայությամբ։
«Բուրեվեստնիկ» ընկերության ղեկավարի նշած երկրներից մասնավորապես Ադրբեջանը Ռազմինֆոյի տվյալներով ունի մոտ 40 միավոր ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ: Հայտնի է նաև 2010թ. կնքված մի գործարքի մասին, որով Ռուսաստանը 70 միավոր զրահափոխադրիչ պիտի փոխանցեր Արդբեջանին, սակայն գործարքի կատարման մասին տեղեկությունները բացակայում են, ինչը կասկածի տակ է դնում մատակարարումը:
Հավելենք, որ 2014-ի նոյեմբերին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցում նշվում էր, որ 2012թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է նաև 110 միավոր ԲՏՌ-80 օգտագործված զրահափոխադրիչ: Սակայն զրահափոխադրիչների արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավարի ելույթում Հայսատանի սպառազինությունում գտնվող «ԲՏՌ-80»-նների արդիակնացման մասին չի նշվել։