Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում

Հունիսի 14-ի երեկոյան Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Պանկիսի կիրճում  հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ ձեռբակալել են 4 հոգու։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, հայտնում է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաալիքի կայքը։

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում

Ըստ Ռուսթավի-2-ի՝ ձեռբակալված 4 անձանցից 2-ին առավոտյան բաց են թողել։ Դեռևս չհաստատված տեղեկություն կա, որ ձերբակալված Այուպ Բորչաշվիլին և Մերաբ Ցատիաշվիլին կապ ունեն Պանկիսիից ԻՊ-ի համար հավաքագրումներ անելու հետ։  Նշվում է նաև, որ Ցատիաշվիլին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի՝ ամենահայտնի վրաստանցի զինյալի՝ Թարխան Բատիրաշվիլու (Ումար ալ Շիշանի)  ազգականն է։

Բորչաշվիլիի տանից իրավապահները հրազեն են առգրավել, որը, ըստ վերջինիս ընտանիքի անդամների, օրինական գրանցված է։ Բացի այդ, խուզարկվել են ևս մի քանի տուն։

Հայտնի է, որ ՆԳՆ աշխատակիցները միաժամանակ հատուկ գործողություն են իրականացրել Պանկիսի կիրճի 4 գյուղում՝ Ջոկոլո, Բիրկիանի, Օմալո և Դոմաստուրի։ Այս պահի դրությամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործողության հետ կապված հայտարարություն չի տարածել։

Ամենայն հավանականությամբ, այս գործողությունները միտված են Պանկիսի կիրճից հավաքագրումները կանխելուն։ Այս թեման վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվեց 2015թ. ապրիլին, երբ Պանկիսիի ավագների խորհուրդը հավաք էր կազմակերպել, որի ժամանակ դիմել էր Վրաստանի իշխանություններին՝ Սիրիա տանելու նպատակով տեղի երիտասարդների հավաքագրումները կանխելու պահանջով։

Ավագների խորհուրդը հավաքվել էր, քանի որ կիրճից անհետացել էին 2 երիտասարդ, որից մեկն՝ անչափահաս։ Մի քանի օր անց երիտասարդները նկարվել էին ԻՊ-ի դրոշի մոտ և լուսանկարները հրապարակել համացանցում։

Հատկանշական է, որ  մինչև վերջերս հայտնի էր դառնում, որ Սիրիա են գնում միայն տղամարդիկ, սակայն 2015թ. ապրիլի վերջին և մայիսին տեղեկություններ տարածվեցին նաև կանանց մեկնելու մասին ինչպես Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), այնպես էլ Թելավիի շրջանից։

Վրաստանցիների ակտիվ ներգրավվածությունը բացատրվում է Թարխան Բատիրաշվիլիի մոտ գնալով։  Թարխան Բատիրաշվիլին  նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է) Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։ Դեռ 2014-ին ԱՄՆ-ն Բատիրաշվիլուն ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում։  Իսկ վերջերս՝ մայիսի 5-ին,  ԱՄՆ Պետդեպը 5 մլն ԱՄՆ դոլար է խոստացել  Բատիրաշվիլիի մասին տեղեկատվության համար։

Այս զարգացումներին զուգահեռ, Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ ԻՊ-ն բոլորի համար խնդիր է, ու ԻՊ-ի շարքերում կռվել գնացողներն իրենց վերահսկողությունից դուրս են։

Այժմ Վրաստանի խորհրդարանը որոշել է օրենքի նախագիծ մշակել, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր օտար երկրներում կմասնակցեն զինված հակամարտություններին։ Սկզբնական շրջանում օրենքի նախագծով պատժվելու էին նաև Ուկրաինայում կռվող վրաստանցիները, սակայն որոշ ժամանակ անց ՆԳն-ն հայտարարեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական զորքերում կռվող վրաստանցիների վրա։

One response to “Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում

  1. Pingback: Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *