Թուրքական ԹԱԻ օդատիեզերական ընկերությունը հունիսի 15-ից 21-ը Փարիզում անցկացվելիք 51-րդ միջազգային ավիացիոն ցուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության «Անքա» ԱԹՍ-ն և «Տ-129 Աթաք» հարվածային-հետախուզական ուղղաթիռը։ Այս մասին հունիսի 12-ին հայտնում է ԹԱԻ ընկերության կայքը։
Փարիզի «Լե Բուրժե» ավիացուցահանդեսի կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ցուցահանդեսին Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերություններից իրենց արտադրանքները ներակայցնելու են նաև «Ռոքեթսան», «ԹԵԻ» շարժիչաշինական, (TUSAS ENGINE INDUSTRIES ) ընկերությունները։
Փարիզի «Լե Բուրժե» ավիացուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այն խոշորագույնն է աշխարհում և ներկայացնում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի ձեռքբերումներն ու նորարարությունները։ Առաջին ավիացուցադրումները եղել են դեռևս 1908 թվականին։ Ցուցահանդեսի ընթացքում կնքվում են բազմաթիվ պայմանագրեր, ինչը հատկապես կարևոր է Թուրքիայի համար, քանի որ վերջինս ցանկանում է արտահանել իր ռազմական արտադրանքները՝ մասնավորապես «Աթաք» ուղղաթիռը և «Անքա» ԱԹՍ-ն։
Նշենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։
Ուղղաթիռի արտադրման աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքն այն կատարել է 2009 թվականին։ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը 2014-ի ապրիլի վերջին ընդունել են 9 միավորից բաղկացած ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է ստանալ ևս 50 միավոր «Աթաք»։
«Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով:
Հավելենք, որ «Անքա» հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է թուրքական TAI ընկերությունը։ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։