Կրիմսկի ողբերգությունը. ուրիշների սխալներից դասեր քաղելու ժամանակը

2012 թվականի հուլիսի 6–7 Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան։ Հատկապես տուժեց Կրիմսկի շրջանը և Կրիմսկ քաղաքը։ Աղետի հետևանքով զոհվեց 171 մարդ, հոսպիտալացվեց 187-ը, իսկ տուժածների թիվը անցնում է 35000-ից։ Նախնական գնահատմամբ նյութական վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի։

Մարդկային մեծ կորուստների պատճառներից մեկը բնակչության և տեղի իշխանությունների անպատրաստությունն էր բնական աղետին։ Մեր կարծիքով այսօր Հայաստանում իշխանությունները նույնքան անպատրաստ են բնական (և ոչ բնական) աղետներին, իսկ բնակչությունն էլ նույնքան անտեղյակ է, թե ինչպես պետք է գործել աղետների ժամանակ։ Աստված մի արասցե, բայց լուրջ աղետի դեպքում մենք նույնպես կանգնելու ենք ծանր մարդկային կորուստներ կրելու վտանգի առաջ։ Ահա այս խնդիրը բարձրացնելու նպատակով և հույս ունենալով, որ մենք կկարողանանք դասեր քաղել ուրիշների սխալներից, ձեզ ենք ներկայացնում Կրիմսկի ջրհեղեղի մասին ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինի գրառումը՝ հայերեն թարգմանությամբ։ Հրապարակվում է հեղինակի թույլտվությամբ։

Կրիմսկի ողբերգությունը

… Ակնհայտ է, որ այն երկու-երեք ժամվա ընթացքում, երբ իրադրությունը վերածվում էր աղետի, չէր արվել գլխավորը. բնակչությունը չէր տեղեկացվել սկսված աղետի մասին և չէր կազմակերպվել էվակուացիա։

Հարց. ինչու՞։

Պատասխանը պարզ է. որովհետև այսօր գոյություն չունի տեղեկացման արդյունավետ համակարգ։

Տեսականորեն այն կա. ԱԻՆ-ն ունի շչակների ցանց, որոնք իրենց ազդանշաններով կարող են զգուշացնել մոտալուտ աղետի մասին, բայց այդ ազդանշանների իմաստն այսօր քչերը կարող են հասկանալ։ Ո՞վ և որտե՞ղ է այսօր ուսուցանում բնակչությանը «քաղաքացիական պաշտպանության լեզվին»։ Ի՞նչ են նշանակում ազդանշանները։ Արդյո՞ք նրանք ամենուր են լսվում։ Ի՞նչ է նշանակում անընդհատ ազդանշանը, ի՞նչ՝ ընդհատվողը։ Բնակչության 95 տոկոսը սա պարզապես չգիտի։

Եվ նույնիսկ, եթե ինչ-որ մեկը գիտի, թե ինչպես է պետք, օրինակ՝ շրջանային կենտրոնում տեղեկացնել բնակչությանը … Տեսականորեն լսելով շչակի ձայնը՝ մարդը պիտի միացնի ռադիոն և հեռուստացույցը։ Ռադիոյի մասին կարելի է միանգամից մոռանալ. թե որտե՞ղ փնտրել տասնյակ FM կայանների շարքում անհրաժեշտ ալիքը, ոչ ոք չգիտի, իսկ շրջաններում կայանների մեծ մասի հեռարձակումն ընդամենը այլ կայանների վերահեռարձակում է՝ սեփական գովազդի միացմամբ։ Խորհրդային շրջանում նման դեպքերի համար բոլոր տներում, ավաններում և ամենահեռավոր գյուղերում գոյություն ուներ հատուկ, լարային ռադիոցանց. այսպես կոչված «ռադիոկետ», որը սովորական ժամանակ հեռարձակում էր «Մայակը» կամ որևէ այլ կենտրոնական ռադիոկայան, իսկ ցանկացած արտակարգ իրավիճակում սկսում էր տեղեկացնել բնակչությանը։ Բայց այսօր տների և բնակավայրերի մեծ մասում այդ ռադիոկետերն ապամոնտաժված են։

Մնում է հեռուստատեսությունը։ Բայց, եթե խոշոր քաղաքում կան տեղական ալիքներ, որոնք ի վիճակի են անմիջապես սկսել տեղեկացնել բնակոչությանը, կամ կա տեխնիկական հնարավորություն (ու դա էլ դեռ ոչ բոլորում) խառնվել դաշնային ալիքների հեռարձակմանը, ապա շրջկենտրոններում և Կրիմսկի նման քաղաքներում ոչ մի նման բան սովորաբար չկա։ Հեռուստատեսությունը պարզապես վերահեռարձակվում է և որևէ կերպ դրան «խառնվել» տեղական իշխանությունները ու տեղականը ԱԻՆ-ը ի դեմս հրշեջների և տվյալ բնակավայրի քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների վարչության փոքրաքանակը աշխատակիցների, ուղղակի չեն կարող։

Ընդ որում՝ անհրաժեշտ է հասկանալ, որ կա շատ քիչ ժամանակ բնակչությանը ռադիոյով և հեռուստատեսությամբ տեղեկացնելու համար, թե ինչ պետք է անել։ Մասշտաբային բնական արհավիրքները դեպքերի 90 տոկոսում խաթարում են էլեկտրացանցերի աշխատանքը սկսվելուց հետո արդեն առաջին ժամում, ինչից հետո ռադիոընդունիչները և հեռուստացույցները դառնում են անպիտան առարկաներ։ Փոքր ինչ երկար են «ապրում» բջջային հեռախոսները, բա այս դեպքում էլ սովորաբար շատ արագ վրա է հասնում «գերբեռնված կոմուտատորի էֆեկտը» և ցանցը «կորում է»։

Այսինքն՝ բնական արհավիրքի ենթարկված շրջանի ղեկավարությունից պահանջվում է, առաջին. կայծակնային արձագանք իրավիճակին, շատ ռիսկային արձագանք, քանի որ տագնապի կեղծ ազդանշանի և չարդարացված տարհանման դեպքում հո չե՜ն քլնգելու։ Եվ երկրորդ՝ արտակարգ ջանքեր, որպեսզի առաջ անցնել մոտալուտ աղետից և տեղեկացնել բնակչությանը, բացատրել, թե ինչ է պետք անել։ Եվ դա ամենաբարդն է։

Արտակարգ իրավիճակի աղետի վերածվելու երկրորդ պատճառը մարդկանց սարսափելի անգրագիտությունն է և նրանց` բնական աղետների ժամանակ գործելուն անպատրաստ լինելը։ Ես մեկ անգամ չէ, որ եղել եմ այդպիսի տեղերում և չեմ դադարել զարմանալ տեղի բնակչության ապշեցուցիչ անտարբերությունից։ Երբ այսօր ինտերնետ-խոմյակները ֆորումներում անընդհատ քննարկում են, թե ինչպես կարող էր ջուրը 2-3 ժամում բարձրանալ 5-6 մետրով, և «հաշվում» են, թե որտեղ և ով է «բացել ծորակը», ես, որպես վկա, կարող եմ ասել, որ Սոչիում ուժգին գիշերային տեղատարափից հետո, մոտակա չոր հունը, որում քարերի մեջ աննկատ քչքչում էր ինչ-որ «գետակ», և որի վրա մենք միասին ծիծաղում էինք մի շաբաթ, մի քանի ժամվա ընթացքում վերածվեց բուռն, շառաչող Անգարայի` հեղեղելով ոչ միայն հունը, այլև նրա մոտակա բորոր ցածրավայրերն ու բանջարանոցները։ Ընդ որում` այդ բանջարանոցների մի մասն արդեն վաճառքի էին հանվել տների կառուցման նպատակներով։

Ամենահամեստ հաշվարկներով` ջուրը բարձրացավ մոտ երեք մետրով։

Հիշում եմ` ես զրուցում էի շառաչող գետի ամենաեզրին գտնվող տան տանտիրուհու հետ և հարցրեցի, թե սարսափելի չէ՞ այդտեղ ապրել։ Ինչին նա պատասխանեց, որ «պատերազմից հետո» այդպիսի անձրև չի եղել և հիմա մի այդքան էլ չի լինի …

Վտանգավոր գոտիներում կենդանի մնալու աքսիոմ է ” սովորեցնել բնակչությանը գործել արտակարգ իրավիճակներում։ Նույն Ճապոնիայում երեխաներին մանկապարտեզից սովորեցնում են, թե ինչպես իրենց պետք է պահեն երկրաշարժի կամ ցունամիի ժամանակ, մեծահասակաները հղկում են խմբային գործողություններն աշխատավայրերում, կազմավորում են կամավոր փրկարար ջոկատներ։ Եվ հենց այդ պատճառով նույնիսկ ամենաավերիչ բնական աղետները, որոնք կես դար առաջ հարյուր հազարավոր կյանքեր էին տանում, այսօր սպանում են երկու կարգով ավելի քիչ։

Մեր կողմից այդքան չսիրված Ամերիկայում, այն նահանգներում, որտեղ հաճախակի են փոթորիկները և պտտահողմերը, բնակչությունը նույնպես մշտապես պատրաստվում է դրանց և գիտի ինչպես գործել։ Այդ պատճառով էլ զոհերի քանակն «ամենապտտահողմային» տարիներին այստեղ հազվադեպ է գերազանցում երկնիշ թվի սահմանը։ Եվ միայն «Կատրինան» Նոր Օրլեանում սպանեց 1100 մարդ։ Սպանեց, որովհետև մեծ քաղաքը ձևավորել էր բնակիչների մոտ անհոգություն և անխոցելիության կեղծ զգացողություն։ Նրանց հետ ևս ոչ ոք չէր զբաղվում քաղաքացիական պաշտպանությամբ։

Թե ինչ վիճակում է գտնվում մեր բնակչությունը, ցույց տվեց Կրիմսկի աղետը։ Շփոթվածություն, խուճապ և անկազմակերպվածություն, փրկելու համար անհրաժեշտ միջոցներ և փորձ չունեցող կամավոր փրկարարների տարերային գործողություններ։

Ամենացավալին այն է, որ վերջին տարիներին Կրասնոդարի չինովնիկների համար ահազանգեր էին հնչում և հնչում էին էլ ավելի ու ավելի բարձր։

8, օգոստոսի, 2002թ. «Ուժեղ անձրևները, որոնք արդեն մի քանի օր է ինչ անդադար տեղում են Կովկասի սևծովյան ափին, դարձել են հեղեղումների և սելավային հոսքերի պատճառ։ Այս պահին հեղեղված են Կրասնոդարի շրջանի ավելի քան 15 բնակավայրեր։ Հեղեման է ենթարկվել նաև Անապա քաղաքը, Նիժնի Բականսկի ավանում ջրի մակարդակը հասել է 3-մետրանոց նշաձողին, ավանն ամբողջությամբ կտրված է, Նովոռոսիյսկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ջուրը լցվել է տները մինչև երկրորդ հարկ։ Որոշ մասնավոր տները քաղաքի արվարձաններում ամբողջությամբ են անցել ջրի տակ։

9 օգոստոսի 2002թ. «Շիռոկայա Բալկա, Դյուրսո և Աբրաու-Դյուրսո ավաններում պտտահողմ է եղել։ Սկսվել է բնակչության շտապ էվակուացիան։ Պտտահողմի ձագարի լայնակի չափերը հասնում են 200 մետրի, իսկ բարձրությունը` 3000։ Վտանգ կա, որ այդ բնակավայրերի վրա ջուրը կհորդի նաև նաև Աբրաու-Դյուրսո ջրամբարի ամբարտակից, որը պահում է 6մլն խորանարդ մետր ծավալով ջրային զանգված։ Ամբարտակի ճեղքումը սպառնում է հազարավոր մարդկանց։ Հեղեղված են Նովոռոսիյսկի գործնականում բորող փողոցները։ Սելավի պատճառով կտրված է Նովոռոսիյսկ տանող ճանապարհը, տրանսպորտային հաղորդակցությունը լիովին խաթարված է…։

14 դեկտեմբերի, 2009թ. «Սոչիում ոչնչացվել է նոր կառուցվող նավահանգիստը Իմերեթինկում, որի վրա արդեն ծախսվել էին միլիարդներ։ Այսօր Սոչիում ուժեղագույն փոթորիկ է։ Այն հատկապես մեծ վնաս է այն հասցրել Իմերեթական ցածրավայրում։ Փոթորկից, ալիքներից և անձրևից էապես տուժել է Մզըմտա գետի գետաբերանի նավահանգիստը։ Ծովապատնեշի մի մասն անցել է ջրի տակ։ Վնասվել է շինարարական տեխնիկան։ Բացի նավահանգստից Իմերեթական ծովախորշում փոթորիկն ավիրել է նաև ճանապարհի մի հատված։ Սակայն ամենաշատ անհանգստացնում է ջրասուզակային «Նորդ» կատերի անձնակազմի երեք անդամների ճակատագիրը։ Նավաստիները համարվում են անհայտ կորած …»

3 հոկտեմբերի, 2011թ. «… Այսօր առավոտյան սկսված ուժեղ տեղատարափի պատճառով Սոչիի Ադլերի շրջանի մի քանի փողոց և մայրուղի է հեղեղվել։ ԱԻՆ-ն արդեն զգուշացրել է նոր ջրհեղեղների և պտտահողմերի հայտնվելու հնարավորության մասին։ Սոչիի ափամերձ մասում այսօր վերացնում են արհավիրքի հետևանքները։ Նախորդ օրը հանգստավայրում տեղատարափ անձրև և կարկուտ էր տեղացել։ Հեղեղվել էին փողոցներ, ավտոմայրուղիներ հանգստավայրի բոլոր շրջաններում»։

Օրինակ` Ադլերում, երկաթուղային կայարանը մեկ օրով դառել էր ծովային։ Ալիքները հարվածում էին շենքի աստիճաններին, ինչպես նավահանգստում։

Մի քանի ավան հոսանքազրկվել են, իսկ հեղեղատարների խցանումը հանգեցրել է օդանավակայանի մոտի փողոցների, Ադլերի տրանսպորտային օղակի և երկաթուղու տակով անցնող ամտոմոբիլային թունելի հեղեղմանը։ Մոտ երեք տասնյակ բնակելի տներ վեր են ածվել հեղեղներից առաջացած լճերով շրջապատված յուրօրինակ կղզիների…»

Սա այնպես, ձեռքի հետ, «стихия под Сочи» հարցումով։

Բայց, ինչպես երևում է, այս ամենը Կրասնոդարի չինովնիկներին ոչինչ չի սովորեցրել։ Եվ դա, անկասկած, իրենց անձնական մեղքն է։ Սպասեցին Կրիմսկին …

Կան փրկվելու աքսիոմներ։ Ընդմիշտ կհիշեմ Բելգրադում մի ճապոնացու հետ զրույցս. նա քաղաքում գոյատևելու հրահանգիչ էր, ով սրտի կանչով հատուկ հասել էր պատերազմական Բելգրադ, որ սովորեցնի սերբերին կենդանի մնալ ՆԱՏՕ-յական ռումբերի տակ։

Նրա խորհուրդներն աչքիս առաջ են, նոթատետրիս մեջ.

  • Ոչ ոքի վրա հույս մի դիր։ Մեծամասշտաբ աղետների ժամանակ դրսից օգնության և իշխանությունների օգնության վրա հույս դնելը հիմարություն է։ Միայն դու ինքդ կարող ես փրկել քեզ և նրանց, ով քո կողքին է։
  • Ճանաչիր այն միջավայրը, որտեղ ապրում ես. որտեղ մոտակայքում կան կյանքի համար վտանգավոր օբյեկտներ ” ջրամբարներ, նավթաբազաներ, քիմիական արտադրություն և այլն, որպեսզի կարողանաս օբյեկտիվորեն գնահատել թե ինչ է կատարվում շուրջդ։
  • Իմացիր, թե ինչպես գործել աղետի ժամանակ տանը, փողոցում, հանրային տարնսպորտում։
  • Պատրաստվիր։ Տանը պահիր գոյատևման նվազագույն հավաքածու` լապտերիկ, դանակ, դեղատուփ, երկու-երեք օրվա պահածոների պաշար և սովորիր գտնել դրանք մթության մեջ։ Սովորիր փակ աչքերով դուրս գալ տնից։
  • Խուճապի մի մատնվիր։ Հենց խուճապը և շոկն են մահվան դեպքերի կեսի պատճառ հանդիսանում։ Գործիր հաշվենկատ և կփրկվես։
  • Հիշիր, լուրս չի լինելու, խմելու ջուր չի լինելու, ուտելիք չի լինելու, քո շուրջը կլինի բացարձակ թշնամական միջավայր, բայց հարյու հազար տարի մարդիկ ապրել են հենց այդպիսի պայմաններում և գոյատևել են։ Դու էլ կարող ես։

Միգուցե, այս խորհուրդներն ինչ-որ մեկին օգտակար կլինեն …

Սկզբնաղբյուր. Трагедия Крымска

One response to “Կրիմսկի ողբերգությունը. ուրիշների սխալներից դասեր քաղելու ժամանակը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *