ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է զինել Ուկրաինան մահաբեր զենքով

ԱՄՆ Կոնգրեսը ռազմական բյուջեի փոփոխությունների մասին օրենքի նախագծի մեջ ներառել է Ուկրաինայի կառավարությանը մահաբեր զենք, այդ թվում՝ հակատանկային համակարգեր, ականանետներ ու նռնականետներ տրամադրելու հարցը՝ որպես աջակցություն ապստամբների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ

Օրենքը, սակայն, արգելում է ԱՄՆ կառավարությանը Ուկրաինային զինելու վրա ծախսել 300 մլն ամերկյան դոլարից ավելի գումար, եթե այդ օգնության 20%-ը չլինի հարձակվողական զենք: Օրենքի նախագիծը ընդունել է ներկայացուցիչների պալատը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային վաղուց է ոչ մահաբեր զենք տրամադրում: Ուկրաինական ուժայիններն առաջին 10 միավոր HMMWV (Humvee) ռազմական զրահապատ մեքենաները ստացել են դեռևս 2015-ի մարտի 25-ին, որոնք Ուկրաինա են հասցվել ԱՄՆ օդուժի բեռնատար ինքնաթիռով: Սակայն Սպիտակ տունը հրաժարվում է ուկրիանական կառավարությանն օժանդակել նաև մահաբեր զենքով՝ պատճառաբանելով, որ այդ քայլը կարող է սրել ճգնաժամը և առիթ տալ Ռուսաստանին՝ ներխուժել Ուկրաինա։

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը

Հիշեցնենք, որ ռուսաստանյան խորհրդարանական «Արդար Ռուսաստան»  կուսակցության առաջին փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը մարտի 24-ին հայտարարել էր, որ ՌԴ Պետդուման պետք է վերականգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքը, եթե ԱՄՆ-ն զենքով սկսի էականորեն աջակցել ուկրաինական կառավարական ուժերին։ Այս հայտարարությունը հաջորդել էր մարտի 17-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում մի բանաձևի ընդունմանը, որով նախագահ Բարաք Օբամային խորհուրդ էր տրվել  հաստատել Ուկրաինային մահաբեր պաշտպանողական զենք մատակարարելու որոշումը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացան բանակցություններ, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումով ռազմական բախումներին Ուկրաինայի արևելքում վերջ չդրվեց։

Ավելացնենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ուկրաինայում իրավիճակի լարվելուց հետո բազմիցս մեղադրել են Մոսկվային՝ ապստամբներին աջակցելու և զինելու համար, ինչը, սակայն, ՌԴ իշխանությունները հերքել են՝ նշելով, որ իրենք ներքաղաքական հակամարտությունում կողմ չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *