Թուրքիան նախատեսում է 3000-անոց անձնակազմով ռազմաբազա հիմնել Քաթարում. Հյուրիեթ

Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագրով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում: «Հյուրիեթ» պարբերականի տեղեկությունների համաձայն` Թուրքիայի ԶՈւ-ն Քաթարում պատրաստվում է տեղակայել ամենաքիչը 3000-հոգանոց բրիգադ:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Հունիսի 10-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականի սյունակագիր Ուղուր Էրգանը հայտնել էր, որ սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` թուրք-քաթարական ռազմական համագործակցության պայմանագրով նախատեսվում է Քաթարի տարածքում Թուրքիայի ԶՈւ բրիգադի տեղակայում:

Ելնելով այն տրամաբանությունից, որ Թուրքիայի զինված ուժերում բրիգադը բաղկացած է 3000-5000 զինծառայողներից` թուրք սյունակագիրը նշում է, որ Քաթարում տեղակայվող թուրքական բրիգադը բաղկացած է լինելու ամենաքիչը 3000 զինծառայողից և համալրված է լինելու բրիգադին հատուկ ռազմական տեխնիկայով ու սարքավորումներով:

Ընդգծվում է, որ Քաթարում տեղեկայվող բրիգադը պետք է լինի Թուրքիայի առաջին ռազմաբազան այլ երկրի տարածքում և վերջինս պետք է ղեկավարի Թուրքիայի ԶՈւ գեներալ-լեյտենանտ:

Ռազմաբազայի զինվորական կազմը բաղկացած է լինելու Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային, ցամաքային և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներից: Հնարավոր է նաև ռազմածովային ուժերի ստորաբաժանման տեղակայում, որի անձնակազմը ժամանակի ընթացքում պետք է ավելացվի: Ռազմաբազայում պետք է տեղակայվեն նաև ժամկետային զինծառայություն անցնող շարքայիններ և եֆրեյտորներ:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։

Սակայն, համաձայնագրում նշվում է, որ Քաթարի տարածքում զինծառայողների տեղակայումը պայմանավորված է համատեղ վարժանքներ անցկացնելու մտադրությամբ: Իսկ Քաթարում գտնվելու ժամանակ Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն իրավունք են ստանալու տեղակայվել Քաթարի զինվորական ստորաբաժանումներում, ճամբարներում, սակայն Քաթարի տարածքում ռազմաբազա հիմնելու մասին խոսք չկա:

Ամեն դեպքում համաձայնագիրը չի բացառում Քաթարի տարածքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանում տեղակայելու հանգամանքը: Ընդհակառակը` համաձայնագիրը դրա համար ստեղծում է բոլոր հնարավոր նախադրյալները: Նշենք նաև, որ համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 19-ին` երկու երկրների կառավարությունների անունից հանդես եկող պաշտպանության նախարարների միջև:

Հավելենք նաև, որ 2014-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

3 responses to “Թուրքիան նախատեսում է 3000-անոց անձնակազմով ռազմաբազա հիմնել Քաթարում. Հյուրիեթ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 7–13 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան 3000-հոգանոց ռազմաբազա է հիմնելու Քաթարում. Թուրքիայի դեսպան | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքական ընկերությունը վարժասարք է արտադրել Քաթարի ԶՈւ ուղղաթիռի համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *