Իրանը հերքում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում

«Անմտություն է հարց բարձրացնել, թե Սիրիայի բարեկամ երկրներն, այդ թվում՝ Իրանը, ռազմական ներկայություն ունեն այդ երկրում: Սիրիական կառավարությունն ու ժողովուրդն ունեն անհրաժեշտ հզորություն և կամք՝ ինքնուրույն դիմակայելու ահաբեկիչնեին ու ապստամբներին»: Այս մասին հունիսի 10-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆղամը, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Իրանի զինված ուժեր

Իրանի զինված ուժեր

Նշելով, որ Իրանը Սիրիային միայն մարդասիրական օգնություն է տալիս՝ Աֆղամը հավելել է, որ Արևմուտքն ու տարածաշրջանի արևմտամետ պետությունները, նման հարցեր առաջադրելով, ձգտում են քար գցել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու փորձերի վրա:

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները պատասխան էին վերջին շրջանում արաբական ու արևմտյան լրատվամիջոցներով տարածված այն մեղադրանքներին, թե Իրանը ռազմական ներկայություն ունի Սիրիայում:

Մեղադրանքների համար հիմք են ծառայել մասնավորապես նաև մայիսի վերջին և հունիսի սկզբին լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունները, ըստ որոնց՝ Իրանը մոտ 15 հազար կամավորներ է տեղափոխել Սիրիա: Հարցը շատ ավելի սուր բնույթ է ստացել, երբ հունիսի սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ զորամիավորման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Սիրիայի Լաթաքիա քաղաք այցելության ժամանակ հայտարարել է, թե աշխարհը շուտով ցնցվելու է իրենց և սիրիացի ռազմական ղեկավարների պատրաստած անակնկալից:

Իրանի՝ Սիրիայում ռազմական ներկայությունը հերքել է նաև երկրի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանրային կապերի բաժնի ղեկավար, գեներալ Ռամեզան Շերիֆը՝ նշելով, որ իրենց ներկայությունը Սիրիայում սահմանափակվում է իրանցի ռազմական կցորդների՝ սիրիացիներին տրամադրվող խորհրդատվությամբ:

Հատկանշական է, որ Իրանը բազմիցս հայտնել է, որ իրենց ռազմական կցորդներն օգնել և օգնում են սիրիական կառավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում: Հունիսի 10-ին իրանական Tasnim լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս հարցին է անդրադաձրել նաև Իրանի ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ նշելով, որ Իրանի՝ Սիրիային աջակցություն ցուցաբերելու քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, և ահաբեկչության դեմ պայքարում իրենց ցուցաբերած աջակցությունը հիմնված է ոչ թե մարտավարական հաշվարկի, այլ ռազմավարական մոտեցման վրա:

Գեներալ Մոհամմադ Ալլահդադի

Գեներալ Մոհամմադ Ալլահդադի

Նշենք, սակայն, որ այս տարվա հունվարի 18-ին գրանցված միջադեպի հետևանքով Սիրիայում զոհվել էր իրանական ուժային կառույցի գեներալ Մոհամմադ Ալլահդադին, ով այնտեղ էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում կառավարական ուժերին աջակցելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *