Իրաքի կառավարական ուժերը պատրաստվում են ազատագրել երկրի Անբար նահանգի ռազմավարական նշանակության Էր-Ռամադի քաղաքն ու դեպի Ֆալլուջա քաղաք տանող միջանցքը, որոնցից առաջինն «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ է ընկել 2015-ի մայիսին, իսկ երկրորդը՝ 2014-ի հունվարին:
Իրաքն այս գործողության համար կստանա ԱՄՆ-ի աջակցությունը, ինչի մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքը: Նախագահ Բարաք Օբաման լիազորել է երկրի պաշտպանության քարտուղար (պաշտպանության նախարար) Էշթոն Քարթերին ԱՄՆ-ի զինվորական անձնակազմի թիվը Իրաքում ընդլայնել 450-ով՝ դարձնելով 3500: Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ ամերիկյան զինվորականներն Իրաքում լուծելու են երկու հիմնական խնդիր. առաջին՝ Էր-Ռամադին ազատագրելիս մարզել և խորհրդատվական աջակցություն ցույց տալ Իրաքի 8-րդ բանակային կորպուսին, երկրորդ՝ փորձելու են խթանել կապը՝ Իրաքի կառավարական ուժերի և Անբարի սուննի մահմեդական ցեղերի միջև, ինչը կնպաստի վերջիններիս համագործակցությանն ու ԻՊ դեմ պայքարի արդյունավետության մեծացմանը:
Այս որոշմամբ ԱՄՆ-ը նոր առաքելություն չի սկսում Իրաքում: Որոշումը պարզապես հնարավորություն է տալիս Պենտագոնին՝ ընդլայնելու խորհրդատվական բնույթի աջակցությունն ու մարզումների ծրագրերը:
Pingback: Իրաքի կառավարական ուժերը սկսել են Ռամադի քաղաքի ազատագրման գործողությունը | Ռազմ.info