Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Բանակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսի պաշտոնական գրությունը, որով հաստատվել է նախատեսված զորավարժություններին ՄԱԿ-ի դիտորդների մասնակցությունը:
Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունն ինչպես բանակցություններին, այնպես էլ՝ առաջիկայում նախատեսված զորավարժությանը:
Իր հերթին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինը նշել է, որ ռազմական համագործակցության կատարելագործման և ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման նպատակով նախատեսված զորավարժության ընթացքում պետք է շարունակել հետազոտական խմբերի և ՀԱՊԿ անդամ պետությունների առաջատար ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվմամբ անցկացվող աշխատանքները:
Զորավարժության ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ նախատեսված զորավարժությունը ընթացիկ տարվա համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ցանկում գլխավորն է և այն հնարավորություն կտա գործնականում փորձարկել խաղաղության ապահովմանն ուղղված մտահղացումները:
Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները մեկնարկել էին հունիսի 9-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում և ավարտվելու են հունիսի 11-ին։
Հավելենք նաև, որ մասնավորապես նաև զորավարժության նախապատրաստման նպատակով մարտին Երևան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պաշտոնյան Հայաստանում զորավարժության նախապատրաստման ընթացքը քննարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 7–13 հունիսի, 2015 | Ռազմ.info