Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը. ՀՀ կառավարություն

Հայաստանի կառավարությունն այսօրվա՝ հունիսի 10-ի նիստի ժամանակ ընդունել է որոշում, որով հուլիսի 1-ից բարձրացվելու են ՀՀ զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ կառավարությունը մասնավորապես որոշել է 2015թ. հուլիսի 1-ից.

• զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 16 հազար դրամ (14 հազար դրամի փոխարեն), զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ (1300 դրամի փոխարեն),

• պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազար դրամ (31 հազար 500 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազար դրամ (23 հազար 100 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18 հազար դրամ (15 հազար 750 դրամի փոխարեն),

• պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80 հազար դրամ (21 հազար և 70 հազար դրամի փոխարեն):

2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով, սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը՝ 14,4 տոկոսով և այլն:

Հիշեցնենք, որ զինվորականների կենսաթոշակների հնարավոր բարձրացման մասին տեղեկությունները հայտնի էին դեռևս փետրվարից:

Ավելացնենք նաև, որ նախորդ՝ հունիսի 4-ի նիստին, կառավարությունը հավանություն է տվել զինծառայողների սոցիալական ապահովման վերաբերյալ օրենքի փոփոխության նախագծին, որի՝ Ազգային ժողովում ընդունման դեպքում մարտական հերթապահություն անցկացնող զինծառայողները արտոնություններ կստանան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի հաշվարկման ժամանակ:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է 2016թ. հունվարի 1-ից հետո երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ստացող սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար ստաժ հաշվարկելիս մարտական հերթապահությունում անցկացրած ժամկետը հաշվարկել կրկնակի դրույքով:

One response to “Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը. ՀՀ կառավարություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *