Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը կբացվի Վազիանի ռազմաբազայում. վրաստանյան ԶԼՄ

Հունիսի 9-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Ռազմավարական ռազմական գործընկերություն համաժողովից» հետո Վրաստանի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար,  Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Վրաստանի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար,  Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը

Վրաստանի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը

Վրաստանյան Rustavi-2 , Frontnews.ge  և մի շարք այլ լրատվամիջոցների հաղորդմամբ` ասուլիսի ժամանակ Վախթանգ Կապանաձեն անդրադարձել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնի հիմնադրմանը և նշել, որ կենտրոնը բացվելու է Թբիլիսիի մերձակայքում տեղակայված Վազիանի ռազմաբազայում մինչև 2015թ. վերջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կապանաձեն հայտնել է նաև, որ Վրաստանի ՊՆ-ում արդեն հատուկ գրասենյակ են առանձնացրել ՆԱՏՕ-ի մասնագետների համար, ովքեր համատեղ կաշխատեն վրաստանյան կողմի հետ։

Հարկ է նշել, որ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ ասուլիսի վերաբերյալ տարածած տեսանյութում և հաղորդագրությունում Վախթանգ Կապանաձեի խոսքում նման հայտարարություն չկա։

Իրականում այս հայտարարության կարևոր մասը ոչ թե կենտրոնի բացումը կամ բացման ստույգ ժամանակն է (սրա մասին արդեն հայտնի էր), այլ  կենտրոնի հստակ վայրը։  2015 թվականից ՆԱՏՕ-ի փորձագետները Վրաստանի ՊՆ մասնագետների հետ կենտրոնի համար հավանական վայրեր էին ուսումնասիրում։ Կենտրոնի ստեղծման վայրի հավանական «թեկնածուներն» էին Թբիլիսիին մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազան և ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։

Վայրերի ուսումնասիրման ժամանակ դեռևս 2015թ. փետրվարի 2-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել էր, որ Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը։ «Այդ որոշումը ոչ թե ՆԱՏՕ-ն է կայացնելու, այլ Վրաստանը, քանի որ այդ տարածքն իրենն է։ ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալն արդեն մի տարածք ուսումնասիրել է, հաջորդ քայլով Վրաստան կժամանեն մասնագետներ, իսկ ահա վերջում որոշում կկայացնի Վրաստանը»։

Հունիսի 1-ին, երբ Բրյուսելում էր Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, թե նԱՏՕ-ին հիշեցրել են, որ սպասում են վերջանական պատասխանի կենտրոնի տեղակայման վերաբերյալ՝ աշխատանքները սկսելու համար։

Նույն օրը Թինա Խիդաշելին Բրյուսելից տեսակապի միջոցով Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Մոամբե» հաղորդման ժամանակ դարձյալ անդրադարձել է համատեղ ուսումնական կենտրոնի թեմային՝ նշելով. «Վրաստանն արդեն որոշել է, թե որտեղ է կառուցվելու համատեղ ուսումնավարժական կենտրոնը, և հիմա սպասում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական հաստատմանը։ Առաջին փուլը՝ տեղանքի ընտրություն, կենտրոնի սահմանների հարցն ու դրոշի տեղակայումը, նախատեսում ենք ավարտել այս տարվա ընթացքում՝ մինչև աշուն»։

Ուշադրություն դարձնենք, որ ՆԱՏՕ ներկայացուցիչներն ամեն անգամ նշում են, որ Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը, իսկ վրաստանյան կողմը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ից վերջանական պատասխանի են սպասում աշխատանքները սկսելու համար։

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելություն Վրաստան։ Մեկնաբանելով այս նորությունը` Խիդաշելին ասել էր, թե հնարավոր է կենտրոնի խորհրդանշանական բացումն անեն հենց այդ ժամանակ։

Հիշեցնենք, որ 2014-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին տրվեց համագործակցության նոր փաթեթ, որն ավելի է սերտացնում այդ երկրի և Դաշինքի համագործակցությունը։ Փաթեթի համաձայն՝ ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է նաև Հյուսիսատլանտյան Դաշինքի ներկայություն Վրաստանում, որն ինչպես հետագայում պարզվեց, համատեղ ուսումնական կենտրոն է, այլ ոչ ՆԱՏՕ-ի ռազմաբազա։

One response to “Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը կբացվի Վազիանի ռազմաբազայում. վրաստանյան ԶԼՄ

  1. Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում բացել է համատեղ ուսումնական կենտրոնը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *