ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է դադարեցնել ավիապարկում առկա ՏՈւ-95 ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն այն բանից հետո, երբ հունիսի 8-ին պլանային թռիչքներից մեկի ժամանակ ՏՈւ-95-ի մասնակցությամբ գրանցվել էր վթար, ինչի հետևանքով մահացել էր անձնակազմի մեկ անդամ, ևս մեկը ստացել ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լեգենդար ռմբակոծիչի մասնակցությամբ ավիավթարը գրանցվել էր ՌԴ Ամուրի շրջանում տեղակայված «Ուկրաինա» ավիաբազայում՝ Հունիսի 8-ին, Մոսկվայի ժամանակով 17:00-ի սահմաններում։ Ինքնաթիռը պլանային թռիչքի մեկնարկի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց և մասնակի բռնկվել։ Բարեբախտաբար, ինքնաթիռի վրա չի եղել սպառազինություն։ Նախնական վարկածով, վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը։
ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարի հրամանով Տու-95 ռմբակոծիչների թռիչքները դադարեցվել են, մինչև վթարը հետաքննող պետական հանձնաժողովը կբացահայտի պատճառները։
Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1956 թվականին։ Մինչ օրս արտադրվել է ինքնաթիռի բազմաթիվ մոդիֆիկացիաների ավելի քան 500 օրինակ։ 9 հոգանոց անձնակազմ ունեցող ռմբակոծիչը կարող է զարգացնել 900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը՝ կախված մոդիֆիկացիայից, 10 500-ից 13 500 մետր է։ Սպառազինությունում Տու-95-ն ունի 3 երկփողանի հրանոթ, իսկ ռումբերի առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։