Մահացել է Աֆղանստանում առաքելություն իրականացրած վրաստանցի 30-րդ զինծառայողը

Հունիսի 8-ին Վրաստանի Գորիի հոսպիտալում մահացել է դեռևս 2012թ. Աֆղանստանում ISAF (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) առաքելության ժամանակ վիրավորված կապրալ Ռամազ Դավիթայան։ Վրաստանյան Interpressnews.ge լրատվակայքի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Իմեդա Դարսալիան։ Վերջինս նշել է, որ կապրալը վիրավորվել է 2012թ. հունիսի 20-ին` դիպուկահարի կրակից։

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Ավելի վաղ ծնողները վրաստանյան լրատվամիջոցներին հայտնել էին, որ զինծառայողը ծանր վիրավորվել է ողնաշարի հատվածում Աֆղանստանում առաքելություն իրականացնելու 2-րդ ամսում։

Հունիսի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ցավակցելով զինծառայողի հարազատներին։
Ըստ ՊՆ-ի՝ վիրավոր կապրալին սկզբնական շրջանում տեղափոխել են Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի ամերիկյան հոսպիտալ, այնուհետև բուժվել է պաշտպանության նախարարության հոսպիտալում։ Նրան բուժվելու նպատակով ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ աշխատաքներ են տարվել ինչպես Վրաստանում ամերիկյան դեսպանատան, այնպես էլ ԱՄՆ կառավարության հետ։

Ռամազ Դավիթայան Աֆղանստանում առաքելություն է իրականացրել Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի կազմում։
Նա համալրել է զինված ուժերը 2007թ. հունվարի 26-ին։ Պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի 3-րդ աստիճանի մեդալով, «խաղաղապահ առաքելությունների մասնակցության» համար գերատեսչական մեդալով։
Տեղեկացնենք, որ Ռամազ Դավիթայան դարձավ Վրաստանի զինված ուժերի 30-րդ զոհը Աֆղանստանում ISAF (Անվտանգության աջակցության միջազգային ուժերի) առաքելության շրջանակում։

Հավելենք, որ Վրաստանի կրած կորուստներն Աֆղանստանում վրաստանցիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Վերջին աղմկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր Վրաստանի ԶՈւ 7 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։

Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրաստանյան ուժերն Աֆղանստանից։ Սակայն արդյունքում կառավարությունը որոշել էր շարունակել առաքելությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանին։

Պետք է նշել նաև, որ բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն խոսում է Վրաստանի մասին, շեշտում է այն փաստը, որ Վրաստանն Աֆղանստանում ամենամեծ թվով զորախումբ ունեցող՝ Դաշինքի անդամ չհանդիսացող երկիրն է։

Հիշեցնենք նաև, որ Աֆղանստանում ISAF առաքելության ավարտից հետո Վրաստանը 2015թ. հունվարի 1-ից շարունակում է ապահովել իր ներկայությունն Աֆղանստանում նոր՝ «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելության շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *