Այսօր՝ հունիսի 9-ին, Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Ռազմավարական ռազմական գործընկերություն համաժողովը» (Strategic Military Partner Conference)։ Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը՝ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։

Ձախից՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, աջից՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն
Երկօրյա համաժողովի ավարտից հետո, ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Վրաստանում։
Մինչ այդ, Թբիլիսիում անցկացվող համաժողովի բացումն արել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։ Վերջինս խոսել է անվտանգության ոլորտում առաջնահերթությունների, ինչպես նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորության մասին, հաղորդում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Խիդաշելին ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի Վարշավայում 2016թ. անցկացվելիք գագաթաժողովի ժամանակ Վրաստանը կստանա ցանկալի արդյունք (նկատի ունի ՆԱՏՕ-ին անդամակցությունը—Ռազմինֆո) և որ «Դաշինքի անդամ երկրները իրենց խոսքի տերը կլինեն»։
Համաժողովին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից փորձագետներ և բարձրաստիճան զինվորականներ։
Միջոցառման ընթացքում ներկաներին տեսակապի միջոցով ողջունել է ՆԱՏՕ-ի գգլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։ Ելույթ են ունեցել նաև ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսը, ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Դեյվիսը։
Համաժողովը կազմակերպել են ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի տրանսֆորմացիոն հարցերով հրամանատարությունը (Allied Command Transformation NATO) և Վրաստանի զինված ուժերը։
Նույն օրը Վրաստանի նախագահական նստավայրում (Թբիլիսի) ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բարձրաստիճան անձանց և փորձագետներին ընդունել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։