Թուրքիան իրավունք է ստացել զինուժ տեղակայել Քաթարի տարածքում

Հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։ Համաձայնագիրը հրապարակվել է Թուրքիայի «Ռեսմի գազեթե» պաշտոնաթերթում։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

19 կետից բաղկացած համաձայնագրի առաջին հոդվածով սահմանվում է, որ վերջինիս նպատակը երկու երկրների միջև ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, համատեղ զորավարժությունների և կողմերի միջև այդ երկրների տարածքներում զինված ուժերի տեղակայման մեխանիզմները սահմանելն է։

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների՝ Քաթարում տեղակայվելու մասին հոդվածով սահմանվում է, որ տեղակայումն իրականացվելու է Թուրքիայի զինված ուժերի ուսումնամարզական և համատեղ զորավարժություններ իրականացնելու նպատակով: Ընդունող երկիրը պարտավորվում է տալ իր օդանավակայաններից, նավահանգիստներից օգտվելու և երկրի օդային տարածքն օգտագործելու իրավունք, թույլատրել իր տարածքում հիմնել զինվորական ճամբարներ, տեղակայել անհրաժեշտ տեխնիկա։ Սահմանվում է, որ այդ տեղակայումը կարող է լինել համատեղ վարժանքներ անցկացնելու հրավերի, ահաբեկչության դեմ պայքարում, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության դեպքում։

Թուրքիայի և Քաթարի համատեղ ռազմական ուսումնավարժանքների և Քաթարում Թուրքիայի ռազմական ուժերի տեղակայման մասին համաձայնագրերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել էին դեռևս 2015-ի մարտի 1-ին։ Սակայն, համաձայն Թուրքիայի սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգի՝ համաձայնագրերն ու պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն երկրի նախագահի կողմից հաստատվելուց հետո՝ պաշտոնաթերթում հրապարակվելու օրվանից։

Համաձայնագրի տեքստում նշվում է, որ այն ուղղված է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, ինչը նախատեսված է 2007-ի մայիսի 5-ին կնքված «Թուրքիայի կառավարության և Քաթարի կառավարության միջև ստորագրված զինվորական կրթության, տեխնիկական և գիտական համագործակցության» համաձայանգրով, ինչպես նաև 2012-ի հուլիսի 7-ին ստորագրված ռազմարդյունաբերական ոլորտներում և ռազմական համագործակցության համաձայնագրերով։

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ստորագրել էին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

Հավելենք նաև, որ 2015-ի հունվարի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Քաթարի արտգործնախարարը և վարչապետը քննարկել էին 2014-ի դեկտեմբերին Քաթարի էմիրի ու Թուրքիայի նախագահի ստորագրած ռազմական համագործակցության պայմանագրերի իրականացման աշխատանքները։

Ավելացնենք, որ 2015-ի մարտին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը հայտարարել էր, որ համաձայն առկա ռազմական համաձայնագրերի՝ Թուրքիան կարող է Քաթարում ռազմական ուժեր տեղակայել:

One response to “Թուրքիան իրավունք է ստացել զինուժ տեղակայել Քաթարի տարածքում

  1. Pingback: Թուրքական ընկերությունը ուղղաթիռի վարժասարք է արտադրել Քաթարի ԶՈւ համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *