Օրերս ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկն անցկացրել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժության նպատակն է եղել հարձակողական մարտի ժամանակ կատարելագործել հրամանատարների՝ կրակի ղեկավարման ունակությունները, ապահովել ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունները և դաշտային վարժվածությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 6-ի թողարկումից:
Տագնապ ազդանշանով զորավարժությանը մասնակցող հրաձգային գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ինչից հետո ստորաբաժանումը երթով դուրս է բերվել կենտրոնացման շրջան: Զորավարժության սցենարի համաձայն՝ կիրառման շրջանում հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում գումարտակը պատրաստվել է հարձակողական գործողություններին:
Պաշտոնատար անձանց զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը ցուցադրելու համար բացազատվել են 10 ուսումնական կետեր, որոնցից յուրաքանչյուրում ուսուցանող սպաները ներկայացրել են զորավարժությանն անմիջականորեն առնչվող թեմաներ:
Զորավարժության կրակային փուլում հրաձգային գումարտակը մեկնել է ելման շրջան, որտեղ զորամասի հրամանատարը գումարտակի հրամանատարին հարձակման անցնելու մարտական կարգադրություն է տվել:
Հրաձիգների առաջխաղացումը դեպի գրոհի անցման բնագիծ ուղեկցվել է գրոհի հրետանային նախապատրաստմամբ: Գրոհն իրականացվել է հաջողությամբ:
Մոտակա խնդրի կատարմանը հաջորդել է երկրորդ շարակազմի՝ մարտի մեջ մտցնելը: Գումարտակի զինծառայողները հաջողությամբ զարգացրել են հարձակումը՝ տեղ զբաղեցնելով վերահսկող դիրք գրավող բարենպաստ բնագծերում, ինչով և ավարտվել է ցուցադրական զորավարժությունը:
Զորավարժության արդյունքների նախնական ամփոփման ժամանակ զորամիավորման և զորամասի հրամանատարությունը անհատական նվերներով, պատվոգրերով և այլ խրախուսանքներով պարգևատրվել է մարտական խնդրի կատարման ընթացքում իրենց գերազանց դրսևորած մի շարք զինծառայողների:
Pingback: Armday – Զինված ուժերում անցկացվել է գումարտակային հարձակողական զորավարժություն