ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով. Ռոգոզին

Ռուսաստանը հետ է մնացել այնպիսի կարևոր հեղափոխությունից, ինչպիսին անօդաչու թռչող սարքերի և ռոբոտիզացված համակարգերի նախագծումն է, և հիմա Ռուսաստանը հետևից հասնողի դերում է: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

«Մենք չենք նկատել, քնով անցել ու բաց ենք թողել տեխնոլոգիական հեղափոխությունը ռազմական ոլորտում, հետո էլ այդ հեղափոխությունն անցել է քաղաքացիական ոլորտ: Եվ հիմա մենք ստիպված ենք հասնել դրա հետևից, ստեղծել սեփական ռոբոտիզացված համակարգեր», — հայտարարել է Ռոգոզինը հունիսի 4-ին Ռուսաստանում անցկացված «Տեխնոպրոմ-2015» տեխնոլոգիական զարգացման ֆորումի ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ այս պայմաններում էլ ռուսաստանյան ընկերությունները շարունակում են աշխատել առանձին-առանձին, ստեղծել սեփական շարժիչներ ու կապի համակարգեր, այդպիսով ջանքերը շատ են, բայց արդյունք չկա:

Ռոգոզինն այս թեման կապել է նաև Ռուսաստանի և «նրա հակառակորդի» քաղաքական հակամարտության հետ՝ նշելով, որ այս ոլորտը կենսական է Ռուսաստանի համար, քանի որ «հակառակորդը» հենվում է իր տեխնոլոգիական առավելության վրա և դրանով է փորձում շրջափակել ու պատժել Ռուսաստանին:

Միևնույն ֆորումի ժամանակ, սակայն, «Համառուսաստանյան ավիացիոն նյութերի գիտահետազոտական ինստիտուտի» (Всероссийского научно-исследовательского института авиационных материалов, ВИАМ) տնօրեն Եվգենի Կաբլովը հայտարարել է, որ տեխնոլոգիական ներկա մակարդակն իրենց թույլ է տալիս նոր մեթոդներով (նկատի ունի 3D-տպում և այլն) պատրաստել անօդաչու թռչող սարքեր: Իսկ մինչև 2015-ի ավարտը պատրաստ է լինելու ոլորտի զարգացման «ճանապարհային քարտեզը», որի հիման վրա նոր տեխնոլոգիաների ոլորտը բաժանվելու է պատասխանատվության գոտիների, ընկերություններն ու գերատեսչություններն իմանալու են իրենց անելքիները, դրանց չափն ու ժամկետները:

Ավելացնենք, որ Ռուսաստանը բավական ուշ է սկսել անօդաչու թռչող սարքերի և ռոբոտիզացված համակարգերի ոլորտում ուսումնասիրությունները, ինչի հետևանքով որոշակիորեն հետ է մնացել համաշխարհային առաջատարներից: Դա բերել է նրան, որ 2000-ական թվականներին Ռուսաստանը ստիպված է եղել ԱԹՍ-ներ և դրանց արտադրության տեխնոլոգիաներ գնել մասնավորապես Իսրայելից:

«Օռլան» ԱԹՍ

«Օռլան» ԱԹՍ

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

Հետագայում նաև իսրայելական ԱԹՍ-ների հիմքի վրա ռուսաստանյան ռազմարդյունաբերությունը ստեղծել է սեփական հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք արդեն կիրառվում են զորավարժությունների ժամանակ: Ներկայում էլ ռուսաստանյան ընկերություններն աշխատում են տեղական հարվածային ԱԹՍ ստեղծելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ռոբոտիզացված համակարգերին, ապա որպես քիչ թե շատ հաջողված օրինակ կարելի է նշել «Պլատֆորմա-Մ» («Платформа-М») զրահապատ ռոբոտները, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2013թ. Ռուսաստանում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ 2014թ. դրանք արդեն կիրառվել են զորավարժությունների ժամանակ:

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

2 responses to “ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով. Ռոգոզին

  1. Pingback: Ռուսաստանում ցուցադրվել է առաջին ԱԹՍ-ն՝ ամբողջովին պատրաստված 3D տպիչով | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում ՌԷՊ համակարգով ԱԹՍ-ներ կստեղծեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *