ՌԴ 201-րդ ռազմաբազայում պատրաստում են Տաջիկստանի ԶՈւ կրտսեր մասնագետներ

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայում սկսվել են վերապատրաստել տեղի զինված ուժերի կրտսեր մասնագետներին։ Վերապատրաստումն իրականացվում է համաձայն Տաջիկստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի և զինված ուժերի տեղակայման համաձայնագրի։ Այս մասին հունիսի 5-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

Մասնագետների ուսուցանումն անցկացվում է միաժամանակ «Լյաուր», «Սամբուլի» և «Մոմիրակ» զորավարժարաններում։ Ծրագրի շրջանակներում երեք ամսում ՌԴ ԶՈւ սպաները պետք է պատրաստեն Տաջիկստանի զինված ուժերում տարբեր մասնագիտացումներով աշխատելու պատրաստ 250 զինվորական։

Առավել վաղ՝ հունիսի 3-ին,  ՌԴ պաշպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այցելել էր ՌԴ 201-րդ ռազմաբազա և հայտարարել էր, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել Տաջիկստանի զինված ուժերի և ՌԴ 201-րդ ռազմաբազայի զինծառայողների մարտական ունակությունների բարձրացման խնդիրը։

Նշվում է նաև, որ 2015-ի ապրիլին ՌԴ զինված ուժերի սպաներն արդեն իսկ Տաջիկստանի զինուժի համար պատրաստել են 250 կրտսեր մասնագետներ, այդ թվում՝ Տ-72 տանկերի, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների և ԲՏՌ-80 զրահափոխադրիչների մեխանիկ վարորդներ և նշանառու օպերատորներ։

Հավելենք, որ Ռուսատանը մշտապես աջակցել է Տաջիկստանին՝ այդ երկրի տարածքում ռազմաբազան պահպանելու համար։ 2015-ի ապրիլի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր Տաջիկստանի արտգործանախարարը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկա տարիներին Տաջիկստանին 70 միլիարդ ռուբլիի (1,23 մլրդ ամերիկյան դոլար) սպառազինություն տրամադրել՝ որպես աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում:

Ավելացնենք, որ ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի  և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։

2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրել ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *