ՆԱՏՕ անդամները և գործընկերները երկշաբաթյա զորավարժություն են սկսում Բալթիկ ծովում

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 17 պետությունների՝ BALTOPS-2015 զորավարժությունը մեկնարկելու է հունիսի 5-ին և տևելու է մինչև հունիսի 20-ը: Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի տարածքներում և Բալթիկ ծովում իրականացվող զորավարժությանը ներգրավվելու է շուրջ 5600 հոգի անձնակազմ, ինչպես նաև 49 նավ, 61 ինքնաթիռ մասնակից պետություններից: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կայքը:

BALTOPS-2014 զորավարժության մասնակից ռազմանավերը վարժանքների ժամանակ

BALTOPS-2014 զորավարժության մասնակից ռազմանավերը վարժանքների ժամանակ

BALTOPS (Baltic Operations) ամենամյա զորավարժության նպատակը ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ գործողությունների վարժեցումն է, ինչպես նաև Բալթյան տարածաշրջանի սպառնալիքների դիմակայումը: Վարժանքների ընթացքում ստորաբաժանումները կատարելու են հակաօդային պաշտպանության, հականավային, հակասուզանավային ու դեսանտային գործողություններ:

ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցում են Բելգիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ գործընկերներ Ֆինլանդիան, Շվեդիան և Վրաստանը:

Հատկանշական է, որ ամենամյա զորավարժությանն անդրադառնալով՝ ռուսաստանյան Sputnik News կայքն այն կապում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ն ավելացնում է Եվրոպայում իր զորավարժությունները որպես պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին:

Հիշեցնենք, որ խոսելով ՆԱՏՕ-ի մարտահրավերների մասին՝ Դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 27-ին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան ուղղությամբ աճող մարտահրավեր է ակտիվացող Ռուսաստանը, որը, քարտուղարի խոսքով, բռնակցել է Ղրիմը, օգնում է Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, ոտնահարում է այնպիսի կանոններ, ինչպիսիք են սահմանների անձեռնմխելիությունը, երկրների անկախությունը, ռազմական գործունեության (ակտիվության) թափանցիկությունը և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման քաղաքականությունը:

3 responses to “ՆԱՏՕ անդամները և գործընկերները երկշաբաթյա զորավարժություն են սկսում Բալթիկ ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: BALTOPS-2015-ի ժամանակ խորտակվել է լեհաստանյան բանակի ամֆիբիա փոխադրիչ | Ռազմ.info

  3. Pingback: Բալթիկ ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների BALTOPS-2016 զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *