Հունիսի 3-ին Թուրքիան Ալբանիային անհատույց տրամադրել է 27 միավոր Land Rover Defender զինվորական բեռնատար մեքենաներ, որոնց մատակարարումն իրակացվել է երկրների միջև ստորագրված տեխնիկակական և ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հունիսի 3-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Մեքենաների հանձնման արարողությունն անցկացվել է Ալբանիայի պաշտպանության նախարարությունում։ Մասնակցել են Ալբանիայի պաշտպանության նախարար Միմի Կոդհելին, Տիրանայում Թուրքիայի դեսպան Հիդայեթ Բայրաքթարը և դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Նիզամեթթին Դողարը։
Ալբանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերն ամեն տարի Ալբանիայի զինուժին օգնության կարգով մատակարարում է տարբեր տեսակի սարքավորումներ, տեխնիկա, նյութեր։
Ալբանիայում Թուրքիայի դեսպանն իր հերթին ավելացրել է, որ թե´ ՆԱՏՕ-ի շրջանակներում, թե´ Դաշինքից դուրս՝ երկկողմ մակարդակում, Թուրքիան մշտապես պատրաստ է համագործակցել Ալբանիայի զինուժի հետ։
Վերջինս նաև հավելել է, որ զինվորական մեքենաներն Ալբանիային տրամադրվել են 2010-2013 թթ. երկու երկրների զինված ուժերի միջև կնքված համագործակցության համաձայնագրով։ 2014-ի դեկտեմբերին Թուրքիան Ալբանիայի զինված ուժերին տրամադրել է 10 միավոր միկրոավտոբուս։
Նշենք, որ Թուրքիան մշտապես աջակցել է Ալբանիային, քանի որ վերջինս մեծամասամբ իսլամադավան սուննիներով բնակեցված երկիր է։ Բացի այդ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։
Հավելենք նաև, որ երկրներն անդամակցում են SEEBrig-ին, որը Հարավարևելյան Եվրոպայի յոթ երկրների մասնակցությամբ ստեղծված խաղաղապահ բրիգադ է։ Վերջինիս կազմում ծառայում են Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի և Իտալիայի զինված ուժերի զինծառայողներ։
1998թ. ստեղծված բրիգադի հրամանատարությունը հերթականությամբ փոխանցվում է անդամ երկրներից մեկին, իսկ 4 տարին մեկ փոփոխվում է բրիգադի կենտրոնակայանի տեղակայման վայրը։