Կոալիցիոն ուժերի ավիահարվածներից 9 ամսում սպանվել է ԻՊ ավելի քան 10 հազար զինյալ

Անցնող 9 ամիսներին ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ավիահարվածների շնորհիվ Իրաքի և Սիրիայի տարածքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հազար զինյալ։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ամերիկյան USA Today պարբերականը։

ԱՄՆ բանակի հարվածային ԱԹՍ-ի օպերատոր

ԱՄՆ բանակի հարվածային ԱԹՍ-ի օպերատոր

Բլինքենի խոսքերով՝ «դաշնակից ուժերին հաջողվել է հասնել մեծ հաջողությունների», սակայն ԻՊ-ն շարունակում է պահպանել իր կայունությունը։ Պարբերականի թղթակիցը նկատում է, որ պետքարտուղարի տեղակալն իր խոսքում շրջանցել է ավիահարվածների ընթացքում քաղաքացիականների մահվան թեման։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին Մերձավոր Արևելքում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիսարևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների և շիա մահմեդականների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ պայքարող ուժերին։

Հավելենք նաև, որ ԱՄՆ ԿՀՎ-ի տվյալների համաձայն «Իսլամական պետության» շարքերում կռվող զինյալների թիվը հասնում է շուրջ 30 հազարի։

One response to “Կոալիցիոն ուժերի ավիահարվածներից 9 ամսում սպանվել է ԻՊ ավելի քան 10 հազար զինյալ

  1. Pingback: ԻՊ դեմ ավիահարվածներից 1 տարում սպանվել է մոտ 15 հազար զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *