Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ օրերս Իրաքի Ումմ-Քասր նավահանգստում բեռնատար նավից իջեցրել են ՌԴ-ից Իրաքի զինված ուժերին ուղարկված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների հերթական խմբաքանակը։

Նոր հրապարակված լուսանկարները, որոնցում երևում են Ռուսաստանի՝ Իրաքին մատակարարված ՏՕՍ-1Ա ծանր հրանետների մարտկոցը
Հրապարակված նկարներից երևում է, որ խմբաքանակի մեջ ներառված են Տ-90 տանկի շասսիների վրա մոնտաժված 3 միավոր ԲՄ-1 արձակման կայաններ, ինչպես նաև 3 միավոր տրասնպորտալիցքավորող մեքենաներ (ՏԼՄ), որոնք մոնտաժված են 8х8 անվային ընթացամասով «ԿամԱԶ» մեքենաների վրա։
Նշենք, որ մինչ այս ՏՕՍ-1Ա հրանետների համար օգտագործվում էին տանկի շարժամասի վրա մոնտաժված ՏԼՄ-ներ։ Հրանետների և ՏԼՄ-ների հետ ուղարկվել է նաև «ԿամԱԶ»-ի շարժամասի վրա մոնտաժված ղեկավարման մեքենա, որն ունի 6х6 անվային ընթացամաս։ Եթե նկարներում ներկայացված է Իրաքին ուղարկված հրանետների ողջ խմբաքանակը, ապա խոսքը հրանետների մեկ մարտկոցի մասին է։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Մոսկվայում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորովը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձելու է ամեն կերպ բավարարել ռազմական տեխնիկայի վերաբերյալ Իրաքի խնդրանքները:
Հավելենք նաև, որ 2014-ի հուլիսին Իրաքը Ռուսաստանի հետ կնքել էր 1 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր, որով Մոսկվան պարտավորվել էր իրաքյան զինված ուժերին մատակարարել ինչպես ՏՕՍ-1Ա հրանետներ, այնպես էլ հրետանային մի շարք զինատեսակներ:
ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկը» ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետի արդիականացումն է։ Վերջինս արտադրվում է 1987-ից։
Հրանետն արձակում է 220 մմ-անոց թերմոբարիկ չկառավարվող հրթիռային արկեր՝ 600-ից 3500 մետր հեռավորության վրա։ Համակարգը 1 համազարկով կարող է արձակել 24 արկ, որոնք թիրախի վրա իդեալական դասավորության պարագայում կարող են խոցել մինչև 40 000 քառակուսի մետր մակերես։
Pingback: Ռուսաստանը և Իրաքը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում | Ռազմ.info