Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների մի մասի ստաժը կհաշվարկվի կրկնակի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախատեսում է շփման գծում ծառայող և 2016թ. հունվարի 1-ից հետո երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ստացող սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար ստաժ հաշվարկելիս մարտական հերթապահությունում անցկացրած ժամկետը հաշվարկել կրկնակի դրույքով:
Կառավարության հաստատումից հետո օրենքի նախագիծն ուղարկվելու է ՀՀ ազգային ժողով և այնտեղ ընդունվելու դեպքում 2016-ի հունվարի 1-ին մտնելու է ուժի մեջ:
Օրենքի նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարությունն այս նախագիծը հիմնավորում է նրանով, որ ներկայում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն նշանակալի արտոնություններ: Այսպիսով, օրենքի ընդունումը մի կողմից կնպաստի նշված զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելուն, մյուս կողմից կնպաստի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հատկապես պայմանագրայինների համալրմանը:
Նշենք, որ մինչ այս նախագիծը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածով արդեն որոշակի արտոնություններ սահմանված էին զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու, այլ երկրներում զինծառայության ժամկետների համար (եռակի դրույքաչափ), ինչպես նաև ԶՈւ օդաչուների ծառայության, զինծառայողների գերության, 2500 մետր և ավելի բարձրության բարձրլեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածների համար (կրկնակի դրույքաչափ) և նմանատիպ այլ դեպքերում:
Pingback: Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը. ՀՀ կառավարություն | Ռազմ.info