ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Դաչիչին Երևանում ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութունը։
Հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Իվիցա Դաչիչը վերահաստատել է սերբական նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։
Այնուհետ ՀՀ արտաքին գործերի նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ադրբեջանը Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում պատրաստ է տեղաշարժի, նշելով, որ պարզ չէ՝ ում կողմից են սպասում տեղաշարժի՝ միջազգային հանրությա՞ն, թե՞ հենց իրենց կողմից։
«Մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում է դրսևորում Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթաժողովին»,- նշել է արտգործնախարարը։
«Սերբիան վերջին քսան տարիներին լուրջ խնդիրների առաջ է կանգնած եղել, ինչի համար էլ այդքան լավ ծանոթ ենք ձեր տարածաշրջանի խնդիրներին: Անկախության հարցում միակողմանի որոշում չի կարող լինել, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կառուցողական լինենք այդ հարցում։ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Սերբիան կաջակցի արդեն գոյություն ունեցող մեխանիզմների ներքո Արցախի խնդրի լուծման հարցում»,— ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը։
Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հանդիպել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանին։ Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ընդգծել բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:
Բակո Սահակյանը նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում։
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը անցած երկու օրերին այցելել է նաև Ադրբեջան և Վրաստան, հանդիպել այդ երկրների ղեկավարության հետ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info