ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որը Ռուսաստանում և Ղազախստանում կանցկացվի սեպտեմբերի 7-25-ը, միտված է անդամ պետությունների ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերի համատեղ գործելու հմտությունների բարելավմանը, ինչը կնպաստի տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարի խորացմանը և զարգացմանը։
Այս մասին Ղրղզստանում հունիսի 3-ին՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեկսանդր Գոլովկոն, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Գոլովկոն նշել է, որ հաշվի առնելով Աֆղանստանում տիրող անկայուն իրավիճակը՝ ՌԴ-ն ձգտում է ամրացնել իր հարավային սահմաններն ու աջակցել ասիական պետությունների ազգային զինված ուժերի արդիականացման գործընթացին, ինչպես նաև հավելել, որ Ռուսաստանում և Ղազախստանում կայանալիք «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության շրջանակներում իրենք երկու հիմնական խնդիր են դրել՝ բարելավել զորավարժության մասնակից ստորաբաժանումների հրամանատարների և շտաբների՝ մարտական իրավիճակներում ԱՊՀ շրջանակներում համատեղ գործելու հմտությունները, ինչպես նաև վեր հանել համատեղ գործելու ընթացքում առաջացող խնդիրները:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին իր հերթին նշել է, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգն արդեն իսկ պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի: Վերջինիս խոսքերով՝ ներկայում ԱՊՀ հարավային սահմանում իրավիճակը մտահոգիչ է, բայց կայուն:
ԱՊՀ անդամ պետություններից զորավարժությանը մասնկացելու մասին որոշումը հաստատել են Հայաստանը, Բելառուսը,Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: Նկատենք, որ վերոնշյալ երկները նաև ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ևս 2015թ. հունիսի 3-ին Ղրղզստանում մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, իսկ վաղը՝ հունիսի 4-ին, ուղևորվելու է Տաջիկստան` մասնկացելու Դուշանբեում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Հավելենք, որ Հայաստանը ԱՊՀ համատեղ զորավարժությանը մասնակցել է նաև 2014-ին, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։
Տեղեկացնենք, որ 1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ անդամ 10 պետությունների միջև կնքվել է համաձայնագիր, որով ստեղծվել է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:
2008թ. համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանը Ռուսաստանի հետ համագործակցում է երկկողմ համաձայնագրով:
Pingback: ԱՊՀ երկրները 2016-ին Բելառուսում կանցկացնեն հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Ղազախստանում վնասազերծվել է ԻՊ-ին միանալ ցանկացող 2 ահաբեկիչ | Ռազմ.info