Թուրքիան պատրաստվում է զորավարժություն անցկացնել Կիպրոսի ափամերձ շրջաններում

Հունիսի 9-ից 12-ը Թուրքիայի զինված ուժերը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» բանակային ստորաբաժանումների ներգրավմամբ պատրաստվում են անցկացնել «Գյոնելի-2015» որոնողափրկարարական զորավարժությունն արևելյան Միջերկրականում և մասնավորապես՝ Կիպրոսի Ֆամագուստա շրջանի տարածքում։ Այս մասին հունիսի 2-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Զորավարժությանը ներգրավվելու են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և առափնյա անվտանգության ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումների քաղաքացիական և զինվորական մասնագետներ, ինչպես նաև հեռահաղորդակցության և ծովագնացության նախարարության որոնողափրկարարական կենտրոնի համապատասխան մասնագետներ։

Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու են տարբեր տեսակի նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, որոնողափրկարարական ջոկատներ։ Սակայն հստակ տեղեկություններ չեն տրամադրվում։

Զորավարժությունն անցկացվելու է Կիպրոսից զավթված Ֆամագուստայի ծովածոցում՝ արևելյան Միջերկրականում, ինչպես նաև այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության» և Թուրքիայի միջև գտնվող միջազգային ջրային տարածքներում ու բաց է լինելու օտարերկրյա լրատվամիջոցների և դիտորդների համար։

Զորավարժության նպատակը Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանումների մասնագիտական ունակությունների և որակների բարձրացումը, համատեղ գործողություններում փոխգործակցության և կոորդինացիայի կատարելագործումն են։

Նշենք, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» (ՀԿԹՀ) անվանումը։ Այն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայում Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում են մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են «Հյուսիսասյին Կիպրոսին», սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։ Թուրքիան պարբերաբար զորավարժություններ է անցկացնում կիպրոսյան ստորաբաժանումների հետ, ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ Կիպրոսից բռնազավթած տարածքներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *