ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հայտարարել է, որ AM General ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով վերանորոգելու և Իրաքի զինված ուժերին մատակարարելու է 150 միավոր օգտագործված M-1152 HMMWV բազմանպատակային զրահամեքենաներ։ Այս մասին մայիսի 28-ին հայտնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքը։
Պայմանագիրը կարժենա շուրջ 16,57 մլն ամերիկյան դոլար։ Իսկ նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն ընկերության՝ Ինդիանա նահանգում տեղակայված գործարանում: Մեքենաները պետք է պատրաստ լինեն մինչև 2015-ի հունիսի 30-ը։
Հիշեցնենք՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին 2015-ի մայիսի 31-ին հայտարարել էր, որ 2014-ի հունիսին՝ Մոսուլ քաղաքի գրավման ժամանակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այդ ժամանակ կոչվում էր «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն», Իրաքի զինված ուժերից խլել էր շուրջ 2300 միավոր HMMWV զրահամեքենա։
Հավելենք նաև, որ դեռևս 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել էր Իրաքին 1000 միավոր M-1151A1 զրահամեքենաների, նույնքան 12,7 մմ տրամաչափի M2 գնդացիրների, 1000 միավոր 40 մմ տրամաչափի Mk.19 ավտոմատ նռնականետերի, ինչպես նաև սարքավորումների, պահեստամասերի ու ծառայությունների հնարավոր վաճառքի մասին նախագիծը։ Իսկ 2015-ին մարտին AM General ռազմարդյունաբերական ընկերությունը Իրաքի զինված ուժերի հետ ստորագրել է 160 միավոր M-1151A1B1 զրահամեքենաների մատակարարման պայմանագիր, ինչի արժեքը գնահատվում է շուրջ 32,109 մլն դոլար։
HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) թեթև զրահավորված մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նախատեսված են հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենաները կարող են տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։
1985-ից արտադրվող մեքենաներն ունեն մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենաների միջին գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այս մեքենաներից առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։