Եմենի շիադավան, իրանամետ հութիների ներկայացուցիչները երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Օմանի մայրաքաղաք Մասկատում բանակցություններ են սկսել ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ բրիտանական Reuters լրատվական գործակալությանը հայտնել է դեռևս փետրվարին Եմենից աքսորված կառավարության խոսնակ Ռաջեհ Բադին՝ հավելելով, որ բանակցություններ սկսելու առաջարկը եղել է ամերիկյան կողմից, և հենց վերջիններիս պատկանող ինքնաթիռով էլ հութիների ներկայացուցիչները հասել են Մասկատ:
Հատկանշական է, որ Օմանը, լինելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկիր, չի միացել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը ավիահարվածներ է հասցնում Եմենում, այդ թվում՝ հութիների ձեռքն անցած Եմենի մայրաքաղաք Սանայում: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ հութիների հետ բանակցությունները նախաձեռնել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դաշնակից և վերոնշյալ կոալիցիայի համակարգող ԱՄՆ-ն:
Այս բանակցությունների վերբերյալ ԱՄՆ-ն և Օմանը դեռ որևէ մեկնաբանություն չեն արել, և եթե լուրը հաստատվի, սա կլինի հութիների հետ անմիջական բանակցությունների առաջին փորձը:
Նշենք, որ բանակցություններին զուգընթաց շարունակվում են նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները: Հունիսի 1-ին նոր հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիային սահմանակից, երկրի հյուսիսային նահանգ Սադայում, ինչպես նաև հարավային նավահանգիստ Ադենում:
Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս: