Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ղրղզստան, իսկ հունիսի 1-ին Բիշքեքում երկրի պաշտպանության նախարար Աբիբիլլի Կուդայբերդիևի հետ քննարկել երկու երկրների ռազմական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ղրղզական АКИpress լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Ղրղզստանի ԶՈւ ԳՇ հայտարարությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Ղրղզստան՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցության զարգացման մեխանիզմները քննարկելու նպատակով։
Այցի պաշտոնական փուլը մեկնարկել է հունիսի 1-ին՝ Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլի Կուդայբերդիևի և ադրբեջանական պատվիրակության հանդիպմամբ։ Քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության և ռազմական մասնագետների փոխանակման հարցերը։
Նույն օրն ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Ղրղզստանի զինված ուժերի ռազմական պատրաստության կենտրոն, ծանոթացել երկրի ԶՈւ կառուցվածքին։ Նախատեսվում է նաև, որ պատվիրակությանը կհյուրընկալեն Ղրղզստանի նախագահը և վարչապետը։
Տեղեկացնենք նաև, որ վաղը՝ հունիսի 2-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պետք է մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվելու է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ի փետրվարի 11-ին ընդունել էր Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիևի գլխավորած պատվիրակությանը։ Իսկ փետրվարի 10-ին Ղրղզստանի պաշտպանության նախարարին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։