WikiLeaks-ը կհրապարակի սիրիական դոսյեն

Հինգշաբթի օրը WikiLeaks-ը հայտարարել է, որ պատրաստվում է հրատարակել 2.4 միլիոն սիրիական նամակ: Կազմակերպության խոսնակ Սառա Հարիսոնը կարդացել է Ջուլիան Ասանժի հայտարարությունը, որում ասվում է, որ նա որոշել է նամակները հիմա հրապարակել, քանզի դրանք ցույց են տալու, որ մի շարք եվրոպական ընկերություներ այս տարի գործարքներ էին կատարում Ասադի վարչակարգի հետ: Հարիսոնը խոստացել է, որ նամակները ցույց են տալու, որ եվրոպական ընկերություները մի բան են ասում, բայց ուրիշ բան անում: Ասանժի նամակում նաև ասվում է, որ «նամակները ամոթալի են Սիրիայի համար, բայց դրանք նաև ամոթալի են Սիրիայի հակառակորդների համար»։

WikiLeaks-ն արդեն հրատարակել է առաջին 25 նամակները, որոնք ցույց են տալիս, որ 2008 թվին պաշտպանական տեխնալոգիաներ արտադրող իտալական Finnmeccanica-ի Selex Elsag խումբը և հունական Intracom-Telecom ընկերությունը Սիրիայի ոստիկանությանը վաճառել են Tetra-secure կոդավորված ռադիոկայաններ և այլ սարքավորոմներ ընդհանուր 50 միլիոն դոլար արժողությամբ։ Վերջին նամակները վերաբերում են այս տարվա փետրվարին, որոնցում եվրոպական ընկերություների աշխատողները սիրիացիներին ուսուցանում են ռադիոկայաններից օգտվելու ձևը:

Finnmeccanica-ն արդեն պարզաբանումներ է տվել՝ նշելով, որ ռացիաները նախատեսված են եղել փրկարարական աշխատանքներում և արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար և, որ Սիրիայում բռնությունները սկսվելուց հետո բոլոր առաքումները դադարեցվել են։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ սիրիական նամակներ են հրապարակվում: Դեռ փետրվարին իսրայելական Haaretz-ը հրապարակել էր որոշ նամակներից հատվածներ, պնդելով որ դրանք ջարդվել են Anonymous-ի կողմից, իսկ մարտին էլ բրիտանական Guardian-նն էր հրապարակել Սիրիայի ընդիմության ակտիվիստների նամակներից։

Wikileaks-ի խոսնակ Հարիսոնը նշել է նաև, որ նամակները սկսվում են 2006 թվականի օգոստոսից և վերջանում 2012 թվի մարտին: Նրանց մեջ կան սիրիական պետական կառույցների, այդ թվում նախագահի աշխատակազմի հարյուրավոր նամակներ։ Բացի այդ նա հայտարարել է, որ «վիճակագրորեն վստահ է», որ նյութերն իսկական են:

Հիշեցնենք նաև, որ Ասանժի նկատմամբ Շվեդիան հետախուզում է հայտարարել, և նա այժմ գտնվում է Էկվադորի դեսպանատանը, որտեղ ապաստարան է պահանջում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *