Թուրքիայի վարչապետ Ռեջեք Թաիփ Էրդողանն ընդհատել է իր հանգիստը և վերադարձել Թուրքիա, որպեսզի ներկա լինի հունիսի 22-ին զոհված օդաչուների հուղարկավորությանը։
Հիշեցնենք, որ հունիս 22-ին թուրք օդաչուները զոհվել էին, երբ նրանց վարած F-4 Phantom կործանիչը խախտել էր Սիրիայի օդային տարածքը, որտեղ էլ ոչնչացվել էր սիրիական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Միջադեպից հետո երկու երկրների հարաբերություները լարվել էին. Թուրքիան պնդում է, որ կործանիչը ոչնչացվել է միջազգային օդային տարածքում, իսկ Սիրիան էլ պնդում էր, որ ոչ։
Օդաչուների մարմիները և կործանիչի բեկորները հայտնաբերվեցին հուլիսի 4-ին ամերիկացի օվկյանոսագետ Բոբ Բալլարդի օգնությամբ, սիրիական ափից 8.6 մղոն (մոտ 16կմ) հեռավորության վրա՝ Սիրիայի ջրային տարածքում: Թուրքիայի կառավարությունն առայժմ չի արձագանքել:
Օդաչուներին վերջին հրաժեշտ տալու արարողությունը տեղի է ունեցել այսօր, Երհաչ ավիաբազայում, որտեղից նրանք կատարել էին իրենց վերջին թռիչքը։ Արարողությանը ներկա են եղել Թուրքիայի կառավարության անդամներ և թուրքական գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեչդեթ Օզելը։ Արարողությունը հեռարձակվել է նաև Թուրքիայի հանրային հեռուստատեսությամբ:
Հրաժեշտի միջոցառումից հետո կապիտան Գոխան Էրթանը կթաղվի Մալաթիայի զինվորական գերեզմանոցում, իսկ լեյտենանտ Հասան Հուսեյն Ակսոյը Ստամբուլի Էդիրնեկափի զինվորական գերեզմանոցում: