Հայաստանում ՌԴ ռազմաբազայի կործանիչները սկսել են թռիչքները «էրեբունիում»

Հայաստանի «էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված ՌԴ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի 4-րդ սերնդի բազմանպատկային ՄիԳ-29 կործանիչների օդաչուները վերսկսում են պլանային թռիչքները: Այս մասին մայիսի 28-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ

Դասընթացի սկզբնական փուլում օդաչուները թռիչքներ կիրականացնեն նախապես հանձնարարված երթուղով, ինչպես նաև օրվա ցերկային ժամերին կկատարեն օդաչուական բարձրագույն վարպետության տարրեր, եղանակի հետախուզման թռիչքներ, լեռնային վայրերում թռչելու և վայրէջք կատարելու վարժանքներ:

Մինչև թռիչքներ սկսելը օդաչուները և ռազմական տեխնիկան անցել են մեկամսյա պատրաստման փուլ: Որակավորված ինժեներատեխնիկական անձնակազմը անհրաժեշտ աշխատանքներ է տարել՝ ինքնաթիռները շոգ եղանակային պայմաններում և բարձրադիր լեռնային վայրերում շահագործելու համար: Օդաչուներն արդեն ստացել են թռիչքներ իրականացնելու թույլտվություն և իրականացրել պլանային թռիչքներով նախատեսված առաջին դեսանտային վարժանքը օդապարիկներով:

Նշենք նաև, որ ավիաբազայում վերանորոգվել է թռիչքուղին, իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ստուգվել են օդանավակայանի սարքավորումները, կապի միջոցները փոխարինվել են ավելի ժամանակակից սարքերով:

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի կեսերին հայտնի էր դարձել՝ Էրեբունի օդակայանում մեկնարկել են ռազմական և հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները։ Դրանք նախատեսված են լինելու ռազմական ավիացիայի օդաչուների համար։

ՄիԳ-29 կործանիչն առաջին թռիչքը կատարել է 1977-ին, շահագործման է հանձնվել 1983-ին, հիմնական շահագործողներից են ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Բուլղարիան, Վիետնամը, Իսրայելը, Հնդկաստանը, Թուրքմենստանը, Իրանը, ինչպես նաև Ադրբեջանը, որի ռազմաօդային ուժերն ունեն 13 միավոր ՄիԳ-29, 2 միավոր ՄիԳ-29ՈւԲ, որոնք վերանորոգվել են Ուկրաինայում։ Ինքնաթիռի անձնակազմը 1-2 հոգի է, առավելագույն արագությունը՝ 2450 կմ/ժ։

One response to “Հայաստանում ՌԴ ռազմաբազայի կործանիչները սկսել են թռիչքները «էրեբունիում»

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 24-30 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *