Պակիստանը վերաբացեց Աֆղանստան տանող ճանապարհը ՆԱՏՕ բեռների համար

Պակիստանից Աֆղանստան տանող ճանապարհը ՆԱՏՕ-ի համար 7 ամիս փակ լինելուց հետո վերաբացվել է: Այդ մասին այսօր հայտարարել է Պակիստանի արտգործ նախարար Հինա Ռաբբանի Խարը (Hina Rabbani Khar): Պակիստանն իր սահմանը փակել էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ ՆԱՏՕ հարվածից պակիստանցի 24 զինծառայողների զոհվելուց հետո:

Այդ ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ն բեռները տեղափոխում էր հյուսիային ուղով, ինչը 2,5 անգամ թանկացնում էր բեռնափոխադրումները: Թեպետ ՆԱՏՕ հրամանատարության համար ճանապարհի փակ լինելը ռազմական դժվարություններ չի առաջացրել, բայց ապագայում դա կարող էր խնդիրներ ստեղծել, քանզի նախատեսված է մինչեւ 2014 թ. Աֆղանստանից դուրս բերել օտարերկրյա գրեթե ամբողջ զինուժը:

Սահմանի բացումը հնարավոր դարձավ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինտոնը ներողություն խնդրեց Պակիստանի կառավարությունից 24 զինծառայողների մահվան համար: Ամիսներ շարունակ ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ներողություն խնդրել, պարզաբանելով որ դա ցավալի պատահար էր:

Ըստ նոր պայմանագրի, ներողության դիմաց Պակիստանը հրաժարվեց գների բարձրացման իր նախկին պահանջներից:

Հիշեցնենք, որ 2011 թ նոյեմբերի 28-ին ՆԱՏՕ ուղղաթիռներն ու կործանիչները հարված են հասցրել Պակիստանի Մոմմանդ շրջանի սահմանապահներին, ինչի հետևանքով սպանվել են պակիստանցի 24 զինծառայող: Ըստ պակիստանյան կողմի՝ հարձակումը առանց դրդապատճառի էր, բայց ՆԱՏՕ-ն պնդում է, որ պակիստանցիները կրակել են ՆԱՏՕ և տեղի աֆղան զորքերի վրա, վերջիններս էլ ստիպված պաշտպանվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *