ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու համար ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը, զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսներին` ի կատարումն ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի «2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Այդ նպատակով կառավարության ընդունած որոշման մեջ ուշագրավ է մասնավորապես այն կետը, ըստ որի՝ առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը պետք է ապահովել զորակոչվող քաղաքացիների ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ՝ կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:
Ավելացնենք, որ «2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել է մայիսի 19-ին: Հրամանագրով նախատեսվում է զորացրումն ու զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսներին։