Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ այլ զինծառայողի առաջադրվել է մեղադրանք

Մայիսի 8-ին մահացած Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։

Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը։

Համաձայն հաղորդագրության՝  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ. Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հարություն Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) և 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։ Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Հավելենք, որ մայիսի 8-ին ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր. «Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Համբարյանը»։

One response to “Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ այլ զինծառայողի առաջադրվել է մեղադրանք

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *