Մայիսի 14-23-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրականի արևելյան հատվածում։ Զորավարժությանը նաև ներգրավվել են ռազմաօդային և առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները։ Վարժանքները ղեկավարել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ նավատորմիղի հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն։ Այս մասին մայիսի 25-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Կադր Թուրքիայի ԶՈւ ռազմածովայանին ուժերի մայիսի 14-23 Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերում անցկացրած «Դենիզքուրդու-2015» զորավարժությունից
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Denizkurdu-2015 (թրք.՝ «Ծովային գայլ-2015») զորավարժությանը ներգրավվել են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի 93 նավ, ծովային պարեկության 4 ինքնաթիռ, ծովային 16 ուղղաթիռ, «ստորջրյա հարձակման» 8, և «ստորջրյա պաշտպանության» 4 խումբ, ռազմաօդային ուժերի 2 միավոր օդային նախազգուշացման ու վերահսկման (AWACS) ինքնաթիռ, առափնյա անվտանգության ուժերի մեկ որոնողափրկարարական նավ, առափնյա անվտանգության 4 ուղղաթիռ, ծովային պարեկության մեկ ինքնաթիռ և 20 նավակ։
Մայիսի 23-ին անցկացվել է «հարգարժան դիտորդի օր» միջոցառումը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միջոցառման ժամանակ հյուրերին հնարավորություն է տրվել անմիջապես հետևել նավերը, նավակները և անօդաչու թռչող սարքերը խոցելու կրակային վարժանքներին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ ղեկավարները հետևում են «Դենիզքուրդու-2015» զորավարժության ընթացքին՝ մայիսի 23, 2015 թ.